Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից, հայտարարում է Կրեմլը


«Ռուսաստանը այդ տարածաշրջանի (Հարավային Կովկասի ) անբաժանելի, անքակտելի մասն է, հետևաբար ոչ մի տեղ չի կարող հեռանալ։ Ռուսաստանը Հայաստանից չի կարող հեռանալ»,- այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե Ռուսաստանը կարծես ինքն է հեռանում Հարավային Կովկասից։

«Վերջ ի վերջո չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և նրանց մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության բացարձակապես օրինակելի ու հայրենասիրական տրամադրություններով քաղաքացիներ են»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է հետևողական շատ կարևոր դեր խաղալ իրավիճակը կայունացնելու և հակամարտությունը հարթելու ուղղությամբ և կշարունակի այդ դերակատարությունը։

Պեսկովը շատ կարևոր է համարել հավատարմությունը եռակողմ հայտարարություններին։ Սակայն նա որևէ բառ չի ասել, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, փոխարենը նշելով, որ իրավիճակ է փոխվել։

«Հաջողության գրավականը հավատարմությունն է այդ համաձայնությունների դրույթներին։ Իհարկե, դրանից հետո նոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք փոխել են իրավիճակը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը, ավելին»,- շեշտել է նա․ - «Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի դերը»։

«Պետք չէ մոռանալ Ռուսաստանի ներդրումը ինտեգրացիոն գործընթացներում, որին մասնակցում է նաև Հայաստանը, դրանք, ի դեպ, մեծ մասամբ նպաստել են, որ անցած տարի զարգացման տեմպերով Հայաստանը ԱՊՀ-ում չեմպիոն է դարձել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

XS
SM
MD
LG