«Հայաստանի ղեկավարությունը մի շարք առանցքային հարցերում երկիմաստ դիրքորորշում է որդեգրել», - այսօր, Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։
«Բոլոր խոսակցությունները այն մասին, որ [Ուկրաինայում ընթացող] հատուկ ռազմական գործողության ֆոնին արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ Մոսկվայի համար երկրորդական են դարձել, որևէ փաստական հիմք չունեն, դրանք զուտ գնահատականներ են, գուցե անձնական կարծիք կամ հուզական դրսևորում», - հայտարարել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ, «բացարձակապես անհասկանալի են Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման մասին դատողությունները։
«Ի՞նչ է, դա Փաշինյանի ցանկությո՞ւնն է։ Նա ցանկանո՞ւմ է, որ այդպես լինի։ Հայտնի է, որ մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում՝գերիների փոխանակում, ականազերծում, միջադեպերի հարթում, մարդասիրական օգնության ցուցաբերում։ Մի՞թե Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ գործունեության կարիքը չկա և այն անցանկալի է», - հայտարարում էր Զախարովան։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ «նման բառախաղերի վերջը վատ է։ Ռուսաստանցի խաղաղապահների գործունեությունը կասկածի տակ դնելու նման փորձերը լուրջ հարցեր են առաջացնում՝ ինչո՞ւ է դա արվում»։