Դեպքը, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, գիշերը ժամը 3-ին։ Կրակոցները արձակվել են հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներից։
Ի դեպ, այս միջադեպի մասին որևէ իրավապահ մարմին երեք օր շարունակ որևէ տեղեկություն չէր հրապարակել։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հարուցվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։
«Պատերի վրա առկա են հետքեր, հայտնաբերվել է նաև հրազենից արձակված փամփուշտի գնդակ։ Էդ բոլորը հիմա քննության առարկա է, նշանակված են փորձաքննություններ։ Եզրակացությունները ստանանք, հետևություններ կանենք», - նշեց Աբրահամյանը՝ հավելելով. - «Այս պահի դրությամբ հիմնական վարկածն այն է, որ կրակոցներն արձակվել են հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներից։ Սահմանը հատելու վերաբերյալ տվյալներ այս պահի դրությամբ մենք չունենք»։
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմը կրակեց օդանավակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունն այն ժամանակ հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդանավակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել էին օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Ադրբեջանական կողմը օդանավակայանի ուղղությամբ կրակել էր նաև հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին։ Ընդ որում, Հայաստանի պաշտոնյաների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վայրէջքից րոպեներ առաջ։
Հայաստանի կառավարությունը այս կրակոցների մասին օգոստոսի վերջին տեղեկացրել էր Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ԻԿԱՕ)՝ խնդրելով աջակցություն` հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով։
Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. Սյունիքի մարզպետի խորհրդական
«Հերթական սադրանքն ա ադրբեջանական կողմի», - ասում է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը, կրակելով Կապանի օդանավակայանի վրա, փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ստիպի դադարեցնել թռիչքները։ Բալյանի համոզմամբ, Ադրբեջանը նպատակ ունի խոչընդոտել բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստում են Սյունիքի զարգացմանը։ Հետևաբար չտրվելով վախի մթնոլորտին, պետք է շարունակել Երևան-Կապան- Երևան թռիչքները. - «Մենք պետք է էդ վախի մթնոլորտում չապրենք։ Նաև մեր դիմադրողականությունն ա ցույց տալիս էդ թռիչքներով, թե մենք ունենք այդ դիմադրողականությունը, թե ոչ։ Այսօր, ճիշտ է, հնարավորինս փորձում են խոչընդոտել, բայց ավելի շատ վախեցնել, քան ուղիղ ինչ-որ բան անել։ Մենք ուղղակի պիտի չտրվենք էդ իրանց կողմից թելադրված վախերին ու իրականացնենք մեր թռիչքները, քանի որ այդ թռիչքները օրինական են։ Իրանց գործողություններն են անօրինական։ Մենք ամեն ինչ օրինական ենք անում»։
Չնայած օդանավակայանի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար հնչող կրակոցներին, «Նովէըր» ընկերությունը շարունակում է իրականացնել Երևան-Կապան-Երևան թռիչքները։ Ընդ որում, ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Ատլանտիս» ընկերությունից փոխանցեցին, որ անցած ուրբաթ թռիչքներ իրականացրել են, այսինքն՝ հենց սպետեմբերի 1-ի կրակոցների օրը։ Այսօր նույնպես, ըստ ընկերության, կայացել է Երևան-Կապան-Երևան թռիչքը։
Ավելի վաղ, երկու թռիչք չեղարկվել էր՝ պաշտոնական մեկնաբանությամբ մառախուղ պատճառով։