Գլխավոր դատախազությունը նոր քրեական վարույթ է հարուցել 2018-ի հեղափոխությունից հետո մի քանի քրեական գործերով մեղադրված երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ։
Այս անգամ մեղադրանքը շորթումն է, որն առնչվում է նրանց պատկանող «Յանս» ռեստորանին։ Բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու հոդվածով երրորդ մեղադրյալը «Յանս»-ի տնօրենն է։ Երեքն էլ մեղքը չեն ընդունում և Քննչական կոմիտեում ստորագրություն են տվել չհեռանալու մասին։
«Քրեական վարույթով իրականացվել են մի շարք ապացուցողական և վարութային գործողություններ, որի արդյունքում ձեռք է բերվել տվյալները առ այն, որ Վաչագան Ղազարյանի և վերջիններիս կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով, շորթմամբ Սուսան Արիստակեսյանից հափշտակվել է 40 միլիոն դրամը։ Որպիսի պայմաններում իմ կողմից՝ որպես հսկող դատախազի, որոշումներ են կայացվել Վաչագան Ղազարյանի և մյուս երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Որոշումները ուղարկվել են քննիչին և ներկայացվել է մեղադրանք», - «Ազատությանն» ասաց գործը հսկող դատախազ Արման Նշանյանը։
Նա հավելեց, որ դեռ չորս տարի առաջ «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին հայտնել է, որ համալիրի հաշվապահը հաճախորդներից ստացած որոշ գումար դրամարկղ չի մուտքագրել. - «Սկսած 2017 թվականի հունիս ամսվա սկզբներից, Վաչագան Ղազարյանը քննիչի և Սերգեյ Կարապետյանի հետ միասին բացահայտ, շատ դեպքերում նաև քողարկված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել Սուսան Արիստակեսյանի և նրա մերձավոր ազգականի, մասնավորապես անչափահաս որդու նկատմամբ, իսկ հնչեցված սպառնալիքները Սուսան Արիստակեսյանի մոտ ընկալվել է որպես իրական։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ բռնություն գործադրելու սպառնալիքները տալու հետ զուգահեռաբար նրանք մատնանշել են, հիշատակել են Վաչագան Ղազարյանի Հայաստանի Հանրապետության նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը»։
Այսօր 61-ամյա Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ Ավելի վաղ նա անդրադարձել էր մեկ այլ գործի, որը հարուցվել է դեռ 2020 թվականին։ Այդ ժամանակ հատուկ քննչական ծառայությունը Վաչագան Ղազարյանին մեղադրել էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2015-2018 թվականներին պետական պահպանության վարորդը աշխատել էր որպես Ղազարյանների անձնական վարորդ, բայց վարձատրվել պետական բյուջեից՝ ստանալով ավելի քան 9 միլիոն դրամ։
Փաստաբան Մհեր Հակոբյանն 2020-ին «Ազատության» հետ զրույցում հերքել էր մեղադրանքը. - «Ցուցմունք տվել է, ասել է, որ դա բացարձակ սուտ է, իրականության հետ ոչ մի կապ չունի, ինքը ոչ մեկին, ոչ մի պետական պահպանության ծառայողի, աշխատակցի իր տուն աշխատանքի չի ընդունել»։
Չնայած փաստաբանի հերքմանը, Վաչագան Ղազարյանը պետական բյուջե էր վերադարձել ինը միլիոն դրամը։ Ընդ որում, սա միակ գումարը չէ, որ Ղազարյանը վճարել է պետբյուջե ու ազատվել է քրեական հետապնդումից։ 9 միլիոնի գործը կարճվել է համաներման արդյունքում, կարճվել էր նաև հեղափոխությունից հետո հարուցված առաջին գործը, որը առնչվում էր կրկին «Յանս»-ին՝ հարկերից խուսափելու, ապօրինի հարստացման հեդվածներով։ Այս գործը ևս դատարան չէր հասել, պարզվել էր, որ ապօրինի հարստացման հոդվածը նրան չի վերաբերում, միևնույն ժամանակ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն էր վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։
Ղազարյանն ու կինը անցնում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որը, ի տարբերություն մյուսների, արդեն դատարանում է։ Ղազարյանը պետք է ապացուցի, որ Երևանում 17 բնակարանները և ավելի քան 8 միլիարդ դրամի գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Հառական դեպքում պետությունը կբռնագանձի։
Մինչ իրավապահները ակտիվորեն հայտարարում են նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների այս կամ այն գործերի մասին, հանրությունը սպասում է նոր բացահայտումների նաև գործող իշխանության ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների վերաբերյալ, ասում է Թրանսփարենսի Ինթերնեյշնլի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը. - «Նախկին առողջապահության նախարարի հետ կապված տվյալները, ինչպես նաև մի շարք պարագաներում մատնանշվում է նախկին այսպես կոչված վկայակոչվող, բայց ներկայիս իշխանության հետ սերտաճած տարբեր բիզնես գործարքների հետ կապված խնդիրները, որոնց վերաբերյալ դեռ արդյունք կամ որևէ ընթացք մենք չենք տեսնում»։
Փորձագետը կարծում է, որ նորանշանակ Գլխավոր դատախազը նույն հետևողականությամբ ուշադրության կենտրոնում պետք է պահի գործող իշխանության ու մերձավորների գործունեությունը։