Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, անդրադարձել տարածաշրջանում առկա իրադրությանը:
Հայաստանի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ, Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը:
Երեկ Մակրոնը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված կացությունն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ «Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը», - ասել է Մակրոնը։
Բաքուն էլ արձագանքեց, թե «Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում է հանդիսանում»։