Մատչելիության հղումներ

Ուկրաինայում նշում են երկրի պաշտպանների հիշատակի օրը


Ուկրաինայում հարգանքի տուրք են մատուցում զոհված զինվորների հիշատակին, 29-ը օգոստոսի, 2023թ.
Ուկրաինայում հարգանքի տուրք են մատուցում զոհված զինվորների հիշատակին, 29-ը օգոստոսի, 2023թ.

Օգոստոսի 29-ը Ուկրաինայում երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար ընկածների հիշատակի օրն է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ծաղիկներ է դրել Ուկրաինայի պաշտպանների հուշարձանին, որը զոհվածների լուսանկարներով պատ է։

«Յուրաքանչյուր տարի մենք հարգանքի տուրք ենք մատուցում ուկրաինացի տղամարդկանց, ուկրաինացի կանանց, որոնք իրենց կյանքն են տվել՝ պաշտպանելու մեր երկիրը։ Պաշտպանելու Ուկրաինայի անկախությունը, մեր ժողովրդի ազատությունը, Ուկրաինայի ամբողջականությունը։ Ուկրաինայի իրավունքն է լինել ազատ երկրների շարքում», - ասել է Զելենսկին, իսկ սոցցանցերում նա գրել է․ - «Բառերը երբեք բավարար չեն՝ արտահայտելու ինչ մենք զգում ենք»։

Եվ հենց այսօր, պաշտպանների հիշատակի օրը Ռուսաստանի գրաված տարածքներից Ուկրաինա են տեղափոխվել ևս 84 զոհված զինծառայողների մարմիններ։ Սովորաբար զոհվածների մարմինների կամ գերիների փոխանակումներ տեղի են ունենում երկկողմ պայմանավորվածություններով, բայց այս պահին որևէ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միայն նշվում է, որ գործողությունը կատարվել է Ժնևյան կոնվենցիայի նորմերին համապատասխան։ Զոհվածների ինքնությունը պարզելուց հետո, մարմինները կփոխանցվեն հարազատներին՝ պատշաճ կարգով հուղարկավորելու համար։

Ավելի քան մեկուկես տարի շարունակվող պատերազմում կողմերի կրած մարդկային կորուստների մասին տեղեկությունները շատ սուղ են։ Ռազմական կորուստներն Ուկրաինայում պետական գաղտնիք են համարվում։ Իսկ Ռուսաստանը պատերազմի ամբողջ ընթացքում միայն երկու անգամ է զոհվածների թիվ հրապարակել: 2022-ի սեպտեմբերին Ռուսաստանը հայտարարեց, որ Ուկրաինայում 5 հազար 937 զինծառայող է կորցրել, դրանից հետո Մոսկվան պաշտոնապես որևէ թիվ չի հրապարակել։ Ոչ պաշտոնական տվյալներով, որ լրագրողական հետաքննություններն են հրապարակում, կամ ռազմական տարբեր գերտեսչություններ, փորձագետներ, կողմերի կորուստները տասնյակ հազարներով են գնահատվում։

ՄԱԿ-ը պարբերաբար զեկույցներ է հրապարակում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Դրանք փաստաթղթավորված, հաստատված տվյալներ են։ Երկու շաբաթ առաջ հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ պատերազմի ընթացքում Ուկրաինայում 9 հազար 444 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 545 երեխա։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը յուրաքանչյուր զեկույցում նշում է, որ զոհերի մասին իրական տվյալները կարող են ավելի մեծ լինել, քանի որ դեռ անհնար է հավաստի տեղեկություններ ստանալ օկուպացված, կամ ինտենսիվ մարտերի շրջաններից։

Ուկրաինական կողմի՝ վերջերս սկսված հակահարձակման տեմպը ևս բացատրվում է շատ զոհերից խուսափելու հանգամանքով։ Ռուսների կողմից ակնապատված դաշտերով, հրետակոծության տակ լայն հակահարձակումը մեծ կորուստներ կպատճառի, ուստի արևելքում ուկրաինական բանակը փորձում է պահել դիրքերը, իսկ հարավում՝ դանդաղ առաջ շարժվել Մելիտոպոլի ուղղությամբ։

Ուկրաինայի գլխավոր շտաբի մամուլի խոսնակն այսօր ասաց, որ ուկրաինական զորքերը Վերբովո գյուղի ուղղությամբ հաջողություն են ունեցել և ամրանում են ձեռք բերված բնագծերում։ Վերբովո գյուղն ընկած է Ռաբոտինոյից հարավ-արևելք, որն ազատագրելու մասին ուկրաինական կողմը նախօրեին էր հայտարարել, բայց ռուսական կողմը Ռաբոտինոն կորցնելու լուրերը չի հաստատում:

Ռուսական ուժերի հարձակումների մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված օրվա ամփոփագրում նշված է, որ Դոնեցկի մարզում ռազմամթերքով բեռնված գնացք է ոչնչացվել. - «Դարոժնոյե բնակավայրի բեռնաթափման կայարանում հրթիռային հարված է հասցվել հրետանային զինամթերքով ռազմական գնացքին։ Բացի այդ, Դրուժկովկա բնակավայրի մոտ ոչնչացվել է ուկրաինական բանակի 93-րդ մեքենայացված բրիգադի զինամթերքի պահեստը»։

Ռուսաստանի ՊՆ-ը նաև հայտնում է, որ Կուպյանսկի ու Կրասնի Լիմանի ուղղություններում հետ են մղել ուկրաինական մի շարք գրոհներ, ուկրաինական բանակի կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստների թվեր են հրապարակվել և՛ անցած մեկ օրվա կտրվածքով, և՛ ամբողջ պատերազմի։

Կողմերի հայտնած թվային տվյալները պատերազմական գործողությունների պայմաններում անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Ուկրաինայում նշում են երկրի պաշտպանների հիշատակի օրը
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00

XS
SM
MD
LG