Մատչելիության հղումներ

Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին․ Շառլ Միշել


Ուկրաինայի և Մոլդովայի Եվրամիութանը միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին սպասվող Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում, երեկ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Սլովենիայի Բլեդ քաղաքում՝ միջազգային ռազմավարական ֆորումի բացմանը։

Բացի այդ, ըստ Միշելի, անդրադարձ կլինի նաև Վրաստանն օրակարգ վերադարձնելու հարցին։

«Հնարավորությունների պատուհանը բաց է: Մենք պետք է գործենք: Այդ իսկ պատճառով Եվրամիության առաջնորդները կքննարկեն ընդլայնման հարցը մեր հաջորդ Եվրոպական խորհրդի նիստերում: Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունները սկսելու հարցում: Ես ակնկալում եմ նաև, որ Բոսնիա-Հերցեգովինան և Վրաստանը ևս կվերադառնան օրակարգ», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Միշելի խոսքով՝ Վրաստանը կարող է ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ, երբ անհրաժեշտ քայլերը կատարի։

«Անցած տարվա հունիսին մենք թեկնածուի կարգավիճակ տվեցինք Ուկրաինային և Մոլդովային։ Նույնիպիսի կարգավիճակ էլ Վրաստանին է սպասում, երբ այդ երկիրը կատարի անհրաժեշտ քայլերը։ Այնպես որ հիմա Եվրամիության ընդլայնումն այլևս երազանք չէ, ժամանակն է առաջ շարժվելու։ Դա դժվար կլինի, երբեմն ցավոտ՝ թե՛ ապագա անդամ երկրների, թե՛ Եվրամիության համար։ Բայց եկեք պարզ խոսենք․ եթե մենք ուզում ենք վստահելի լինել, մենք պետք է խոսենք հստակ ժամանակացույցի և տնային աշխատանքի մասին», - ասել է Միշելը։

Եվրոպական խորհրդի նախագահը Եվրամիության ընդլայնման համար նաև հավանական ժամկետ է նշել՝ 2030 թվականը, հավելելով, որ մինչ այդ թե՛ Եվրամիությունը պատրաստ կլինի, թե՛ մյուս կողմը։


Այժմ Եվրամիության անդամության թեկնածու են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան, Մոլդովան, Ուկրաինան և Թուրքիան։

Եվրամիության գրեթե կասեցված ընդլայնման քաղաքականության ակտիվացման համար խթան դարձավ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Իր ելույթի ընթացքում Շառլ Միշելը ևս շեշտեց այդ փաստը՝ նշելով, որ երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Կրեմլը կարծում էր, որ Եվրոպան միասնական չէ և թույլ արձագանք կտա, սակայն ստացավ հակառակը։

«Ավելի ուժեղ, ապահով լինելու համար Եվրամիությունը պետք է ամրացնի իր կապերն ու ավելի հզորանա։ Հենց այդ պատճառով այժմ ճիշտ ժամանակն է ընդլայնման խնդրով զբաղվելու՝ թե՛ մեր, թե՛ մեր ապագա անդամ պետությունների։ Ես կարծում եմ հենց այդպես՝ «ապագա անդամ պետություններ» պիտի կոչենք այն երկրները, որ Եվրամիության հաստատված հեռանկար ունեն։ Ժամանակն է ազատվել երկիմաստություններից, ժամանակն է մարտահրավերներին առերեսվել հստակորեն և ազնվորեն», - հայտարարել է Շառլ Միշելը։

XS
SM
MD
LG