Մատչելիության հղումներ

Բաքուն խոչընդոտում է խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին․Միրզոյան


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Սլովենիայում հանդիպել է Կորեայի արտգործնախարար Պակ Չինի հետ, քննարկել երկկողմ օրակարգն ընդլայնելու, համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը Չինին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ուշադրություն հրավիրելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն մարտահրավերներին:

Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների հիմնարար դրույթները, այլև Լաչինի միջանցքը փակ պահելով՝ բացահայտ անարգանք է դրսևորում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների նկատմամբ:

Վերահաստատելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն իր գործելաոճով խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին:

Միրզոյանը երեկ է մեկնել Սլովենիա՝ մասնակցելու Բլեդի ռազմավարական համաժողովին։ Այն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո:

XS
SM
MD
LG