Այս օրերին կատաղի մարտեր են Զապորոժիեի մարզում։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ 47-րդ բրիգադի մարտիկները մտել են ռուսների վերահսկողության տակ գտնվող Ռոբոտինո գյուղ և բետեէռներով տարհանել գյուղի բնակիչներին։
«Մեզ դուրս են հանել։ Մենք այնքան երկար ենք սպասել մեր տղաներին, չենք հավատում, որ այստեղ են արդեն և մեզ փրկում են», - նշել է տեղացիներից մի կին։
Գյուղի համար մարտերը շարունակվում են։ Ռուս բլոգերները գրել են, որ ռուսական զորքերը վերահսկում են գյուղի միայն հարավային ծայրամասերը։ Ռաբոտինո գյուղը գտնվում է ռուսական զորքերի պաշտպանության առաջին գծում՝ Մելիտոպոլի ուղղությամբ, գյուղի մատույցներում մարտերը սկսվել էին դեռևս հունիսի սկզբին, ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ճեղքել ականապատ դաշտերը, այսօր նրանք արդեն Ռաբոտինոյի հյուսիս-արևելյան ծայրամասում են։
Նախօրեին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ռաբոտինոյի հարավ-արևելքում Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունների մասին։
Այս գիշեր անօդաչուները կրկին հայտնվել են Մոսկվայի օդում, ՀՕՊ-ը կրկին կարողացել է խոցել դրանք, բեկորներն ընկել են Մոսկվայի Ստրոգինո թաղամասում և մերձմոսկովյան Կրասնոգորսկում, տուժածներ և ավերածություններ չկան, բեկորներից ջարդվել են բազմահարկ շենքի պատուհանները, վնասվել են ավտոմեքենաներ։
Գիշերը կրկին փակ էին «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանները։ Դիտորդներն արձանագրում են, որ չնայած գրեթե ամեն գիշեր անօդաչուների պայթյուններին Մոսկվայում և մերձ Մոսկվայում, մոսկվացիները շատ հանգիստ են արձաքանքում այդ հարվածներին, նույնիսկ երբ դրանք հենց նրանց տան կողքին են պայթում։
Սոցիոլոգ Դմիտրի Դուբրովսկին «Ազատության» ռուսական ծառայության Настоящее время ծրագրի եթերում բացատրում է այդ հանգստությունը. - «Մարդը չի կարող երկար ժամանակ լինել սարսափի ու խուճապի մեջ՝ նա պետք է ինչ-որ կերպ լուծի այդ հարցը։ Եվ սովորաբար նա որոշում է. «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերահսկվում է: Ինչ-որ բան ռմբակոծվել է այնտեղ, գնանք, տեսնենք: Լավ է: Ինձ բան չի եղել, ամեն ինչ լավ է»:
Միաժամանակ սոցիոլոգը ասում է, որ եթե լինի համընդհանուր մոբիլիզացիա, և պատերազմի շունչը զգա արդեն ռուսաստանցիների մեծ մասը, վերաբերմունքը կփոխվի, և սա հասկանում են նաև Կրեմլում։
Իսկ Յոհաննեսբուրգում այսօր մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը, որին ՌԴ նախագահը մասնակցելու է տեսակապի միջոցով, Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք նրա փոխարեն ժամանել է արտգործնախարար Լավրովը։
Ավելի վաղ Հռոմի ստատուտը ստորագրած աֆրիկյան պետության իշխանությունները խնդրել էին Պուտինին չժամանել Յոհաննեսբուրգ, հակառակ դեպքում նրանք պարտավոր են ձերբակալել Ռուսաստանի նախագահին, ում կասկածում են պատերազմական հանցագործությունների մեջ, և ում դեռևս մարտին միջազգային քրեական դատարանը ձերբակալելու օրդեր էր դուրս գրել։ BRICS-ին անդամակցում են Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ևս մի շարք զարգացող երկրներ կազմակերպությանը միանալու ցանկություն են հայտնել։
Երեկ հայտնի դարձավ, որ Պուտինը չի այցելի նաև Թուրքիա, ամսվա սկզբին թուրքական կողմը հայտնել էր, թե օգոստոսի վերջում Թուրքիայում սպասում են Վլադիմիր Պուտինին, երեկ, սակայն, ՏԱՍՍ-ը. հղում անելով թուրքական աղբյուրին, գրեց, որ ՌԴ նախագահը Թուրքիա չի մեկնի, փոխարենը, ինչպես այսօր հայտնեցին թուրքական աղբյուրները, Էրդողանը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների։
Վերջին շաբաթներին թուրքական մամուլը հաճախ է անդրադառնում Պուտին-Էրդողան հնարավոր բանակցություններին, շեշտելով՝ Էրդողանը փորձելու է վերականգնել հացահատիկի գործարքը, ավելին՝ նա մտադիր է կրկին ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև միջնորդի դերը։