Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի պնդումը, թե ՀՀ ԶՈՒ կրակոցից ադրբեջանցի զինվոր է վիրավորվել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հայկական կողմի սադրանքի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Իսմեթ Ռամիզը»։
Թե որտեղ և ինչի հետևանքով է վիրավորվել ադրբեջանցի զինծառայողը գերատեսչությունը չի հստակեցնում։
«Մենք հայտարարում ենք, որ հակառակորդի կողմից իրականացվող սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։