Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը


Օդեսան՝ ուժգին հարվածների տակ

Ռուսական բանակը շարունակում է ինտենսիվ ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը։ Վերջին օրերին ուժգին հարվածների տակ է Օդեսա քաղաքը, որի երկնքում ուկրաինական ՀՕՊ-ը միայն այս գիշեր կարողացել է խոցել 15 անօդաչու և ութ կալիբր հրթիռ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ օգոստոսի 14-ի գիշերը ռուս զինվորականները հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի «հեռակառավարվող նավակների արտադրության և պահեստավորման վայրերի վրա»։

Հուլիսին ՊՆ-ն այս գնդակոծություններն անվանել էր «պատասխան հարվածներ» Ղրիմի կամրջի վրա հարձակման համար։

Սգո օր Խերսոնում

Հարվածի տակ էին վերջին օրերին նաև Խարկովի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը։

Խերսոնի մարզում երկուշաբթի օրը հայտարարված է սգո օր։ Կիրակի օրը այդ շրջանի Շիրոկայա Բալկա գյուղի հրետանային գնդակոծության արդյունքում զոհվել է մի ամբողջ ընտանիք՝ ծնողներ և նրանց երկու երեխաները։

«Առավոտյան՝ ժամը 9-ին, օկուպանտները հարվածել են Շիրոկայա Բալկա գյուղին։ Հրետանուց հինգ մահացած կա, նրանց թվում՝ փոքրիկ աղջիկ, նա 22 օրական էր։ Նրա եղբորը, որը ընդամենը 12 տարեկան էր, հիվանդանոց տեղափոխեցին։ Ցավոք, նրան չեն կարողացել փրկել։ Նա մահացել է ստացած ծանր վնասվածքներից», - հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ընդհանուր առմամբ, Խերսոնի շրջանում կիրակնօրյա հրետակոծության զոհ է դարձել 7 մարդ, վիրավորվել՝ 13-ը։

Պուտինը կրկին խոսում է բազմաբևեռ աշխարհի մասին

Ուկրաինական բնակավայրերը ռմբակոծելուն զուգահեռ Մոսկվան կրկին խոսում է բազմաբևեռ աշխարհի մասին։

«Բանակ 2023» ֆորումին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է ռազմական համագործակցության սեփական շահերն ու ինքնիշխանությունը պաշտպանող երկրների հետ։

«Վստահ եմ, որ ֆորումը կօգնի ամրապնդել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը՝ ի շահ անվտանգության և կայունության բազմաբևեռ աշխարհում», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Այն ընթացքում, երբ Պուտինը խոսում էր բազմաբևեռ աշխարհի մասին, Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 100 ռուբլին։ Սա առաջին անգամն է 2022 թվականի մարտի 23-ից հետո։ Եվրոն նույնպես բարձրացել է՝ երկուշաբթի առավոտյան գերազանցելով 110 ռուբլու նշագիծը։ Տարեսկզբից ռուբլին դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 30 տոկոսով։

Փորձագետների կարծիքով՝ ռուսական ռուբլու փոխարժեքը թուլանում է արտահանման եկամուտների կրճատման պատճառով. ներքին շուկա չի մտնում բավարար արտարժույթ: Միաժամանակ արտարժույթի պահանջարկ կա ներկրողների և խոշոր բիզնեսի կողմից։

«Ուկրաինական ուժերը վերադարձրել են Բախմուտի մերձակայքում գտնվող փոքր տարածք»

Ռուսական բանակը փոքր-ինչ նահանջել է ուկրաինական ինտենսիվ գրոհների պատճառով։ Կիևը հայտարարում է Ուկրաինայի զինված ուժերի հաջողության մասին Ուրոժայնեում և Բախմուտի մերձակայքում։

Անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը վերադարձրել են Բախմուտի մերձակայքում գտնվող փոքր տարածքը, ասել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը. - «Ազատագրվել է 3 քառակուսի կիլոմետր տարածք։ Ընդհանուր առմամբ, հունիսից, երբ սկսվել է ուկրաինական հակահարձակումը, Բախմուտի հատվածի հարավային թևում 40 քառակուսի կիլոմետր է ազատագրվել»։

Մալյարի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը «որոշակի հաջողություն» ունեն նաև Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղում։ Ուկրաինական զինուժը սկսել է գրոհել այս բնակավայրն օգոստոսի 8-ին։

Անցած շաբաթավերջին տեղեկություն հայտնվեց, որ ռուսական բանակը սկսել է նահանջել Ուրոժայնոյեից։ Այս բնակավայրում կար ռուսական զորքերի ամրացված տարածք Մոկրոյե Յալի գետի ափին։

The New York Times-ը օգոստոսի 13-ին գրել էր, թե Ուկրաինայի զինված ուժերը «տակտիկապես նշանակալի» առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հարավի երկու հիմնական ճակատներում: Հրատարակության տվյալներով՝ ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 16-ից 20 կիլոմետր տարածք Բերդյանսկի ու Մելիտոպոլի ուղղությամբ։

XS
SM
MD
LG