Անցած գիշեր Գյումրի-Երևան ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ու մարդատար Volkswagen-ի բախման հետևանքով տեղում մահացել են մարդատարի 10 ուղևորներն ու վարորդը։ Եվս 6 մարդ՝ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, նրանից թվում՝ «ԶԻԼ»-ի վարորդը, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն առավոտյան «Ազատությանն» ասել էր, որ բոլորը շատ լուրջ վնասվածքներ են ստացել:
«Բոլորի վիճակներն էլ՝ ծանր և ծայրահեղ ծանր, որովհետև բազմակի վնասվածքներով են, բազմատեսակ վնասվածքներով են: Բոլորն ունեն նաև կյանքի խնդիր: Ամեն ինչ բուժանձնակազմը կատարում է, որպեսզի կարողանա փրկել կյանքերը», - ասել էր Խաչատրյանը՝ մանրամասնելով. - «Հիմնականում, կարելի է ասել, դիմային գանգ, գանգ, դիմային գանգ, վերջույթներ՝ բազմաթիվ, բազմապիսի վնասվածքներով են եկել»:
Ավելի ուշ 6 տուժածներից 4-ը տեղափոխվեցին երևանյան հիվանդանոցներ, իսկ «ԶԻԼ»-ի վարորդն ու մարդատարի մեկ ուղևոր, որին Երևան տեղափոխել դեռ հնարավոր չէ, շարունակում են մնալ «Գյումրի» բուժկենտրոնում։ Առողջապահության նախարարությունը դեռ թարմ տվյալներ չի ներկայացրել նրանց առողջական վիճակի մասին։
Կեսօրին դեպքի վայրում քննչական գործողություններն արդեն ավարտվել էին, վթարից խիստ վնասված, ծռմռված մեքենաները տեղափոխվել էին Մարալիկի ոստիկանության հատուկ պահպանության գոտի:
Լանջիկ գյուղի մոտակայքում գտնվող հատվածը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական վթարը, «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության պատճառով միակողմանի է, մի քանի հարյուր մետրից կրկին երկկողմանի է դառնում։ Ճանապարհը բաժանված է ժամանակավոր բետոնե արգելապատնեշներով, արագությունը սահմանափակող ցուցանակներ կան, սակայն լուսավորություն չկա։
Ըստ Քննչական կոմիտեի՝ պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ բախումը տեղի է ունեցել, երբ Volkswagen մակնիշի մեքենան գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան ուղղությամբ, իսկ «ԶԻԼ»-ը՝ հանդիպակաց ուղեմասում՝ դեպի Գյումրի ուղղությամբ:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատմեց, թե նախնական տեղեկություններով՝ մարդատարի ուղևորները վերադառնում էին Թուրքիայից, ուր պատմական հայկական բնակավայրեր զբոսաշրջային տուրի էին գնացել։
«Նախնական տվյալներ կարող եմ ասել, որ «Համշեն տուր»-ին պատկանող Mercedes Sprinter մակնիշի մեքենա է եղել, բախվել է Նոր Կյանք գյուղի բնակիչ, «ԶԻԼ»-ի վարորդ՝ մեր մարզի բնակչի մեքենային, «ԶԻԼ» մակնիշի մեքենայի վարորդը նույնպես պառկած է Գյումրու բժշկական կենտրոնում: Այս պահին տարբեր նախաքննական և քննչական գործողություններ են իրականացվում դեպքի ամբողջությամբ պարզաբանելու և ճշգրտելու ուղղությամբ», - ասաց մարզպետը:
Մուրադյանի տվյալներով՝ «ԶԻԼ»-ում եղել է միայն վարորդը, «մյուս մեքենայում 17 ուղևոր են եղել՝ ներառյալ վարորդը». - «Արևմտյան Հայաստանից էին գալիս, Երևանի բնակիչներ են, իսկ մեկն էլ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»:
«Համշեն տուր»-ից «Ազատությանը» մեկնաբանություն չտվեցին, ասացին՝ ավելի ուշ հայտարարություն կտարածեն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Ծանր վնասվածքներ ստացած ուղևորները, նրանց թվում՝ «ԶԻԼ»-ի վարորդը, ի վիճակի չեն ցուցմունք տալու։
Ողբերգական այս դեպքն առիթ դարձավ, որպեսզի կրկին ակտիվանա Հայաստանում ճանապարհների անվտանգության մասին քննարկումը։ Անցած տարվա տվյալներով՝ ճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանն ամենավատ հորիզոնականներից մեկում էր՝ 2-րդ տեղում Եվրամիության և Արևելյան հարևանության 33 երկրների շարքում։ Տարեկան Հայաստանում 300-ից ավելի մարդ է մահանում ճանապարհային պատահարներից։ Հայաստանում որևէ մարմին հստակ գործառույթ չունի՝ նվազեցնելու ճանապարհային պատահարների թիվն ու պատասխանատվություն կրելու դրանց ավելացման դեպքում. այս հարցով զբաղվում են Ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը, բայց չկա ընդունված ռազմավարական փաստաթուղթ, որը կսահմանի պետության քաղաքականությունը այս ոլորտում։
Կարծես այս քննադատություններին արձագանքելով՝ այսօր վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, թե ցնցված է այս պատահարից, պնդել է, թե ճանապարհային անվտանգությունը Կառավարության առաջնահերթություններից է, և որ այդ ուղղությամբ գործադիրը քայլեր է ձեռնարկում։