Մատչելիության հղումներ

Պետությունը շուրջ վեց միլիոն դոլար է հատկացնում Սնուփ Դոգի համերգի համար


Պետությունը շուրջ վեց միլիոն դոլար է հատկացնում ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգի համար։ Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 23-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

Չզեկուցվող հարցերի շարքում կառավարությունն այսօր ընդունեց գումար տրամադրելու որոշումը՝ հավելվածներում հրապարակելով նաև նախնական հաշվարկները՝ դրամական միջոցների մի մասը կուղղվի 51-ամյա արտիստի հոնորարին, մյուսը՝ այլ ծախսերին։

«Ես լավ նորություն եմ բերել ձեզ, շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երևան, որտեղ սեպտեմբերի 29-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում: Տեղյակ եմ հայերի անպատմելի հյուրասիրությունից և անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը», - ասել է ամերիկացի ռեփերը:

Ինչո՞ւ է կառավարությունը ֆինանսավորում մասնավոր «Դոփինգ Սփեյս» ընկերությանը այս համերգի համար. գործադիրը հիմնավորելու է, թե «միջոցառումը նպաստավոր պայմաններ կստեղծի ժամանակակից արվեստին հաղորդակցվելու համար»։

Համերգի մասին հայտնի դարձավ հուլիսի վերջին։ Անցնող շաբաթներին բուռն քննարկումները չէին մարում՝ արժե՞ արդյոք անվտանգային լուրջ մարտահրավերների ու Արցախի լիակատար բլոկադայի այս շրջանում նման ճոխություն թույլ տալ:

Հարկատուների գրպանից նման միջոցառում անցկացնելու անհրաժեշտությունը կառավարությունն այսպես է բացատրում. համաշխարհային աստղերի լայնամասշտաբ համերգների կազմակերպումը արդիական է և կարող է նպաստել ոչ միայն Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, այլև երկրի տնտեսական աճին։ Ու չնայած ավելի վաղ գործադիրից խոստացել էին մանրամասն ներկայացնել ամերիկացի աստղին հրավիրելու պոտենցիալ տնտեսական ազդեցությունը, այսօրվա որոշման հիմնավորումներում միայն նշված է՝ ակնկալում են, որ համերգի համար Հայաստան 5-ից 6000 զբոսաշրջիկ կայցելի, որոնք էլ ըստ վիճակագրության, այստեղ միջինը 800-ից 1000 դոլար են ծախսում։

Ինչո՞ւ հենց Սնուփ Դոգը. Ռեփերի ընտրությունը գործադիրը բացատրում է արտիստի մեծ պահանջարկով, բացի այդ, ասում են՝ յուրահատուկ շոու ծրագիր է լինելու։

Նման միջոցառումներ պարբերաբար նաև Ադրբեջանում են անցկացվում. այնտեղ պետական ֆինանսավորմամբ վերջին տասնամյակում երգել են Շակիրան, Ջենիֆեր Լոպեսը, Րիհաննան և այլ աստղեր։ Վրաստանում նույնպես կառավարության հովանու ներքո համերգներ են անցկացվում։ Շաբաթներ անց, օրինակ, Թբիլիսիում ելույթ կունենա ամերիկյան հայտնի Imagine Dragons խումբը։

Ինչո՞ւ է նախապատվությունը հենց «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրվել, գործադիրը չի պարզաբանում

Սնուփ Դոգի 6 միլիոն դոլարանոց երևանյան համերգն ամբողջությամբ կազմակերպելու է ընդամենը ամիսներ առաջ ստեղծված «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։ Ինչո՞ւ է նախապատվությունը հենց այս ընկերությանը տրվել, ինչո՞ւ մրցույթ չի անցկացվել, գործադիրը չի պարզաբանում, ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։

Կառավարությունը տեղեկացնում է՝ եթե արդյունքում տրամադրված գումարից պակաս ծախսվի, տնտեսված միջոցներն ընկերությունը պետբյուջե պետք է վերադարձնի։ Թե անձամբ ռեփերի հոնորորը որքան է կազմելու գործադիրի հրապարակած նախահաշվում չկա, փոխարենը ներկայացրել են նախատեսված մյուս ծախսերը: Բեմի ու բեմական սարքավորումների համար կծախսվի 113 միլիոն դրամ, 116 միլիոն կտրամադրվի Հրազդան մարզադաշտում տարբեր աշխատանքների կատարման համար, համերգը սպասարկող անձնակազմին կվճարվի ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամ։ Գովազդային արշավներն էլ կլորիկ գումար կարժենան՝ շուրջ 74 միլիոն դրամ կհատկացնեն։

Օրինակ՝ Վրաստանում գովազդի համար 6.5 միլիոն դրամ են նախատեսում, Իրանում՝ 4 միլիոն։ Սնուփ Դոգի ու նրա անձնակազմի կեցության ու անհրաժեշտ ծառայությունների համար կծախսվի գրեթե 64 միլիոն դրամ։ 30 հոգանոց անձնակազմի համար երկօրյա հյուրասիրության կազմակերպումը 7.8 միլիոն դրամ կարժենա, յուրաքանչյուրի հաշվով 260 հազար դրամ։ Թե կոնկրետ ի՞նչ է ներառված երկու օրվա մենյուում, պարզ չէ։ Այս ցանկում գրված չէ, թե հենց ռեփերի գիշերակացը որքան կարժենա։ Հյուրանոցային ծախսերն ընդհանուր են գրված՝ տարբեր խմբերի համար, ըստ էության, աստղի անձնակազմի մի մասն ավելի շուտ է Հայաստան ժամանելու, մյուսները միայն համերգի նախօրեին։

XS
SM
MD
LG