Մատչելիության հղումներ

Գյումրիի Անի թաղամասում ջրամատակարարման փոփոխությունը՝ գլխացավանք բնակիչների ու վարորդների համար


Գյումրիի ամենամեծ՝ Անի թաղամասում արդեն 3-րդ տարին է ջրամատակարարման համակարգի փոփոխման գործընթացն իսկական գլխացավանք է դարձել բնակիչների ու վարորդների համար, քանի որ համակարգի փորձարկումը չի ավարտվել, ասֆալտապատումն է կանգ առել։

Երկու փողոց, որ դեռ նախորդ տարի պիտի կառավարության սուբվենցոն ծրագրով արդեն ասֆալտապատված լինեին, այդպես էլ չեն վերանորոգվել, ասֆալտապատվել են միայն դրանց մայթերը։ Բաց դիտահորերով ու հսկայական փոսերով փոշոտ այդ փողոցները վարորդները մեծ դժվարությամբ են հաղթահարում։

Եղել են դեպքեր, որ մեքենաներն են վնասվել։ Վարորդներից մեկը վնասված մեքենան, ցույց տալով, հարցնում է՝ ո՞ւմից պահանջի փոխհատուցումը. - «Մեքենան անցնելով միանգամից կոտրվեց և ընկավ փոսի մեջ, դիմացի հատվածը ջարդվեց։ Հիմա վերանորոգման համար բավական մեծ գումար է պետք, որ գույքահարկից կրկնակի-եռակին է»։

Քաղաքային իշխանությունները պնդում են, թե ջրամատակակարումն անցկացնող «Դառոժնիկ» ընկերության նկատմամբ որևէ լծակ չունեն՝ ոչ կարող են պայմանագիր խզել, ոչ էլ տուգանել, քանի որ պատվիրատուն Տարածքային կառավարման զարգացման հիմնադրամն է։ Բայց մի հնար գտել են, որով և փորձում են ստիպել ընկերությանը, որ ավարտին հասցնի Անի թաղամասի ջրամատակարարման փորձարկումը։

«Շինթույլտվություն չենք տալիս իրենց, որ Գյումրի քաղաքում որևէ մի տեղ քանդեն, ասել ենք՝ մինչև Անի թաղամասոմ և ձեր քանդած փողոցները չասֆալտապատեք, մոռացեք ձեր շինթույլտվությունը։ Ծրագիր կտուժի, թե ինչ, չի հետաքրքրում։ Մեր գյումրեցին այնքան է բարկացած, ես էլ հետները, որ էլ ոչ մի տեղ չենք թողնելու՝ դուք աշխատանք իրականացնեք», - ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Ըստ նրա՝ ընկերությունը տարբեր պատճառաբանություններ է բերում, բայց ասում է՝ դրանք այլևս չեն ընդունվում. - «Ինչ ուզում եք հիմա ասեք, չեմ ընդունում։ Ես ընդունում եմ, որ վերջացնեք, ասեք՝ փորձարկել ենք, աշխատանքն արվել է։ Տեսնեմ։ Թե չէ, ուզում եք ժամերով պատմենք, թե ով ինչ գործունեություն է անում ու ինչ խնդիրների է բախվում, մոռացեք, գնացեք, 5 հոգի է, բերեք 105 դրեք։ Ինձ չի հետաքրքրում։ Արդեն երկու տարի է՝ գյումրեցու, իմ համբերության բաժակը լցվել է»։

Կապալառուի հետ զրույցից հետո քաղաքապետին վստահեցրել են, որ ինտենսիվ շխատանքներ են ընթանում։

«Իմ խիստ խոսալուց հետո ինտենսիվ աշխատանք է ընթանում, առավել ևս որ մյուս տեղեչը թույլ չենք տալիս իրենց գործերը գնան առաջ, իրենք էլ տուժում են, չեն տուժում հետաքրքիր չէ», - նշեց նա։

«Ազատությունն» այցելության պահին, սակայն, Անի թաղամասում աշխատող որևէ տեխնիկա այդպես էլ չտեսավ։ Մինչդեռ «Դառոժնիկ» ընկերության տնօրեն Արարատ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե ջրագծերի փորձարկման ու միացման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այդ դեպքում ինչո՞ւ որևէ հատվածում փորձարկման որևէ աշխատանք չարձանագրեցինք. նա ասաց. - «Ընթացքի մեջ է, օգոստոսի վերջին եթե չավարտվեց, մենք նախատեսել ենք սեպտեմբերին վերջացնենք։ Ահագին բարդություններ կան, փորձարկումները գնում են»։

Անիի կողքին Ավստրիական թաղամասն է, որտեղ հիմնականում ապրում են երկրաշարժի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ։ Նրանք ևս տեղաշարժման լուրջ խնդրի առաջ են կանգնել։

Թաղամասի բնակիչներն ասում են՝ էլ համբերելու տեղ չունեն։ Պահանջում են օր առաջ լուծել ասֆալտապատման հարցը, այլապես պատրաստվում են անվասալյակներով փողոց փակել. - «Մենք շատ բաներ կանենք։ Գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Նրանք այդ առակը թող հիշեն»։

Բնակիչները նաև նամակներ են գրել։ Տարածքային կառավարման նախարարությունից պատասխանել են, թե ասֆալտապատման աշխատանքները սկսվել են։ Բնակիչներն այսօր ցույց էին տալիս մի քանի տեղում արված կարկատաններն ու հարցնում՝ ինչպե՞ս կարող է սա ասֆալտապատում համարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG