Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է սառեցվել «Հին Խնձորեսկ» ծրագիրը. երկաթյա կամուրջը կառուցած գործարարին այժմ դրա կարգավիճակն է հետաքրքրում


Սյունեցի զբոսավար Սևադա Շահնազարյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ այցելած զբոսաշրջիկներին պատմում է գյուղի պատմությունն ու մինչև նախորդ դարի 60-ակաները քարանձավներում ապրած մարդկանց կենցաղի մասին։ Չնայած Խնձորեսկը բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում, բայց տարածքի զարգացման ներդրումային ծրագիրը սառեցված է՝ անորոշ ժամկետով ու իրականացման հեռանկարով։

2011 թվականն էր, երբ հին գյուղի քարանձավներից դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանը տանող դժվարանցանելի ճանապարհը դյուրացնելու համար խնձորեսկցի Ժորա Ալեքսանյանը որոշեց կամուրջ կառուցել։ Գործարարն ասում է՝ կառուցելիս չէր պատկերացնում, որ ճոճվող կամուրջը նման ճանաչում կստանա։

«Սիրեց, ժողովուրդը սիրեց… Համարյա աշխարհը թափվեց ստեղ և «հին Խնձորեսկ քարանձավային քաղաք» կոչված սպարապետի գերեզմանը որպես ստեղ մեր առաջնորդներից, գումարվեց նաև ճոճվող կամուրջը և էս ձորը սկսեց մասսայականություն վայելել համաշխարհային», - ասաց Ժորա Ալեքսանյանը:

Ալեքսանյանն ընդգծում է՝ Տաթևի ճոպանուղու, դրանից հետո էլ ճոճվող կամրջի կառուցումից հետո Գորիսում զբոսաշրջային բիզնեսը նոր թափ առավ, աճեց հյուրանոցների և սպասարկման կետերի թիվը։

«Տուրիստը արդեն գալիս էր Երևանից, մինչև կառուցելը մեր հյուրանոցի, գալիս էր գնում Տաթև, գնում Երևան կամ գալիս էր Տաթև գնում Ղարաբաղ։ Տուրիստը մնաց Գորիսում էս կամուրջի պատճառով։ Մի 2-3 ժամ ավելացավ տուրիստին արդեն զբաղվելու։ Արդյունքում ստացվեց, որ Գորիսում հյուրանոցաշինության մի բում բարձրացավ։ Էս պահիս մոտավորապես իրար գումարած 2000 հյուր կարող ա Գորիսը ընդունի, իսկ էն վախտը ասենք 50-60», - նշեց խնձորեսկցի գործարար:

14 տոննա քաշով և 160 մ երկարությամբ երկաթյա կամուրջը կառուցած գործարարին այժմ դրա կարգավիճակն է հետաքրքրում, բայց պատասխաններ չունի։ Ասում է՝ շինարարության ավարտից հետո անձամբ է դիմել Խնձորեսկ այցելած նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նախկին նախագահի ցուցումով գնահատվել է կամրջի անվտանգությունը, որից հետո էլ այն սկսել է շահագործվել։

«Կանչում ա, մոտենում եմ, վերջը, բա դու ես ի՞նչ ես արել, մի երկու բառով ասում եմ, հետո ասում եմ՝ կներեք պարոն նախագահ, որ ապօրինի շինարարություն ա էլի, թույլտվություն չեմ ստացել։ Ինքը սենց բան արեց, ոչինչ, թող մեր պետության մեջ բոլոր ապօրինի բաները սենց լինի», - պատմեց Ալեքսանյանը:

Բայց պատմությունը այստեղից էլ ավելի է խճճվում, 2017 թվականի վերջին Կառավարությունը հավանություն է տվել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի ներդրումային ծրագրին, որով նախատեսվում էր նոր՝ ավելի քան 207 մ երկարությամբ նոր կամուրջ կառուցել ու վերանորոգել հինը։ Ըստ նախագծի՝ անցած տարի այստեղ արդեն պետք է մոտ 1.5 կմ-անոց երկկողմանի երկաթուղի անցկացվեր, էքստրեմալ տուրիզմի գոտի ստեղծվեր, իսկ մինչև 2025-ի վերջը՝ վերականգնողական կենտրոնի և քարանձավային հյուրանոցի շինարարությունը պիտի ավարտվեր։

Բայց Սենիկ Ջուլհակյանի ծրագիրը սառեցվել է։ Գործարարն «Ազատությանն» ասաց, որ ծրագրի հետ կապված որոշ պատվերներ կատարել են, վճարումները արել, բայց պետական «ԱՆԻՖ» հիմնադրամը մերժել է ներդրումային աջակցության իրենց դիմումը, պատճառաբանելով, որ ծրագիրը ռիսկային է։

«Մենք էլ ասում ենք՝ ընկերներ, հարգելի կառավարություն, հարգելի պետություն, բա եթե պետությունը սահմանամերձ գոտում չի անում, համարում է ռիսկային, բիզնեսմենը ինչպե՞ս անի։ Այդքանից հետո ես դադարեցրել եմ թե՛ մեր համալիրի շինարարությունը, թե՛ «Հին Խնձորեսկ ծրագիրը», - ասաց Ջուլհակյանը:

Ներդրումային ծրագրով՝ Սենիկ Ջուլհակյանը 75 տարի ժամկետով կարող է տնտեսական գործունեություն իրականացնել Հին Խնձորեսկի 145 հեկտար տարածքում, իսկ մոտ 5 հեկտար տարածքում՝ 99 տարի ժամկետով։ Ծրագրի նույն կետով՝ Ժորա Ալեքսանյանը իրավունք է ստանում կամրջի ձախափնյա հենասյուների հատվածում և հարակից 7 քարայրներում, ներդրողի հետ նախապես համաձայնության գալով, տնտեսական գործունեություն ծավալել։

«Էս պահին մեր հաշվին մաքրությունն ենք պահում ձորի, ճանապարհների մաքրությունն ենք պահում, եթե երկու օր չես հետևում, աղբանոց ա դառնում։ Հիմա էդ հարցով տուրիստը մեղադրում ա ոչ թե իմ անձին կամ ստե որևէ մեկին, այլ պետությանը, բացասականը պետության մասին ա, ստացվում ա։ Իսկ մենք ոչ մի կարգավիճակ չունենք… Ոչ մի.. Զրոյական ա կարգավիճակը», - նշեց խնձորեսկցի գործարարը:

«Ես իրեն ասել եմ՝ ինչ կարգավիճակով պետությունը տվեց էդ ծրագիրը, ինչ իրավունքով, ինչ կարգավիճակով տվեց, էդ որոշման համաձայն նույն կարգավիճակով տալու եմ Ժորային», - ընդգծեց «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը:

Սենիկ Ջուլհակյանը պնդում է՝ եթե պետությունը համաձայնի իր ներդրումների 25-30 տոկոսի չափով ռիսկերը կիսել, պատրաստ է դիմել կառավարությանը որոշումը թարմացնելու խնդրանքով. - «Ես էլ, դուք էլ, բոլորս էլ տեսնում ենք՝ Գառնիի այդ մեկ հրապարակով ամբողջ էդ 8000 հոգի մարդը սնվում է և ապրում են։ Սա էլ կդառնար ամբողջ Խնձորեսկի համար աշխատատեղ»:

Ինչո՞ւ է սառեցվել այս ծրագիրը. Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» շատ մանրամասներ չեն հայտնել. գրավոր հարցմանը պատասխանել են, թե «Հին Խնձորեսկ» նախագիծը քննարկել են ու որոշ խնդիրներ նկատել, որից հետո ծրագիրը սառեցնելու որոշում են կայացրել։

«Ներկայիս նախագծով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով պետությունից ակնկալվում է ընդհանուր ներդրումային ծրագրի մինչև 10 տոկոսը և 2022-25 թվականներից ակնկալվող հարկային մուտքերի մինչև 50 տոկոսը, ինչի առնչությամբ առաջացել են որոշակի խոչընդոտներ։ Ինչպես նաև կան հողամասերի տրամադրման հետ կապված խնդիրներ։ Ներդրումային ծրագրով նախատեսված որոշ հողատարածքներ մասնավոր սեփականություն են։ Առկա են որոշակի այլ տեխնիկական խնդիրներ», - հայտնում են նախարարությունից։

Ի՞նչ հողամասեր են, ո՞ւմ մասնավոր սեփականությունն է, ի՞նչ տեխնիկական խնդիրներ են առաջացել, նախարարությունից չեն մանրամասնել։ Այս անորոշությունը մտահոգում է Ժորա Ալեքսանյանին, պնդում է՝ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկված քարանձավները պետության կողմից անուշադրության են մատնված՝ ժամանակի ընթացքում քամուց ու անձրևից մուտքերը փակվում են, փլուզվում, իսկ վնասված քարանձավների վերականգման համար ինքը պետք է պետությունից թույլտվություն ստանա։

«Քարանձավների ստե 80 տոկոսը հիմա չի երևում։ Բայց դե կարելի ա մաքրել և տերություն անել, ջրահեռացում կազմակերպել, չփլվի, ջուր չքաշի, չոր մնա, վերջը հազար ու մի պրոբլեմ կա, բայց դե, դե մենք քանի որ պատերազմող պետություն ենք, ես տենց եմ ենթադրում, ժամանակ չունեն մեզանով զբաղվելու, մինչև չգիտեմ ինչ կլինի…», - ասաց Ժորա Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG