Ռուսաստանի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի վրա գիշերային հարձակման հետևանքով վնասվել է «Օլենգորսկի Գորնյակ» դեսանտային նավը։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է ռազմածովային ուժերի հետ համատեղ։
Ռուս բլոգերների տելեգրամ ալիքներում վնասված նավի տեսանյութ է հայտնվել։ Ուկրաինական աղբյուրները տեսանյութ են հրապարակել, որում երևում է՝ ինչպես է 450 կիլոգրամ տրոտիլով լցոնված հեռակառավարվող նավակը հարձակվում է մոտ 100 անձնակազմ ունեցող նավի վրա։
«Հետ շպրտված հարձակման» մասին ռուսական բոլոր հայտարարությունները կեղծ են»,- գրում է ուկրաինացի զինվորականների հետ կապված տելեգրամ ալիքները։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ պաշտոնապես հաստատել էր Նովոռոսիյսկում ռազմածովային բազայի վրա հարձակման մասին տեղեկությունը, սակայն հայտարարել էր, թե «գրոհը հետ մղելու ընթացքում հեռակառավարվող նավակները հայտնաբերվել և ոչնչացվել են»: Ռուսական կողմը նաև հայտնել է, որ այս գիշեր ուկրաինական 13 անօդաչու սարք հարձակվել է Ղրիմի վրա, սակայն ռուսական ՀՕՊ-ին հաջողվել է չեզոքացնել բոլոր սարքերը։
Պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ըը Ուկրաինա է ուղարկել իրանական արտադրության առնվազն 1961 անօդաչու. Զելենսի
Միաժամանակ ռուսական կողմը անօդաչուներով գրեթե անդադար հարձակվում է ուկրաինական բնակավայրերի վրա։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը Ուկրաինա է ուղարկել իրանական արտադրության առնվազն 1961 անօդաչու:
«Շահիդ» գրոհային անօդաչուների զգալի մասը խոցվել է։ Բայց, ցավոք, ոչ բոլորը։ Մենք աշխատում ենք ավելի շատ ՀՕՊ համակարգեր ունենալու ուղղությամբ», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի տարածքում անօդաչու սարքերի վերջին հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի գիշերը՝ Կիևը ութերորդ անգամ անընդմեջ ենթարկվել էր «Շահիդ» գրոհային անօդաչուների հարձակմանը։ Օգոստոսի 2-ի գիշերը ուկրաինացի զինվորականները խոցել են իրանական արտադրության 23 անօդաչու թռչող սարք, սակայն դրանցից մի քանիսը վնասել էին Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքը։
Մինչ այդ՝ ռազմաճակատում ռուսական ուժերը փորձում են առաջ գնալ ճակատի արևելյան հատված, այդ թվում՝ Բախուտի մոտ: Ուկրաինական ուժերը ինտեսիվ գրոհներ են իրականացնում ճակատի հարավային հատվածում՝ ներառյալ Մելիտոպոլի ուղղությամբ:
Նոր բնակավայրեր գրավելու մասին կողմերը չեն հատնում:
Պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 29 հազար 217 ռուս զինծառայող
Մեկուկես տարի տևող պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 29 հազար 217 ռուս զինծառայող: Նրանց մահվան փաստը հաստատել են BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն:
Վերջին մեկ ամսվա ընթացքում լրագրողներին հաջողվել է հաստատել 1800 մարդու մահը։ Նրանք, սակայն, շեշտում են, թե նշված թիվը ռուսական կորուստների ամենանվազագույն գնահատականն է և զոհերի իրական թիվը միանշանակ ավելին է։
Մինչդեռ կանգ առնելու մտադրություն ռուսները չունեն, ավելին՝ Ռուսաստանը 2023 թվականին կկրկնապատկի պաշտպանական ծախսերը. Այդ ծախսերին արդեն բաժին է ընկնում պետական ծախսերի մեկ երրորդը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, 2023 թվականին պաշտպանական նպատակային ծախսերն ավելացրել են՝ հասնելով ավելի քան 100 միլիարդ դոլարի։ Գործակալությունը նշում է, որ այս միջոցները վկայում են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ծախսերի ավելացման մասին։
Մինչ ռուսներն ավելացնում են իրենց ռազմական բյուջեն, Կիևը երեկ հինգշաբթի օրը բանակցություններ է սկսել Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շուրջ։ Արևմտյան մամուլն էլ գրել էր, թե Վաշինգտոնը կարող է Կիևի հետ նույն տիպի հարաբերություններ կառուցել, ինչպես Իսրայելի հետ հարաբերություններն են։