Դատավոր Ալեքսեյ Սուվորովի նախագահությամբ Մոսկվայի քաղաքային դատարանն արտագնա նիստում «ծայրահեղական կազմակերպություն» ստեղծելու մեղադրանքով Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման:
Դատավճռի ընթերցման հեռարձակումը գրեթե չի լսվել: Նավալնին և նրա փաստաբանները ժպիտները դեմքներին են ունկնդրել դատավոր Սուվորովի կայացրած վճռի ընթերցումը: Նրանք նիստին մասնակցել են տեսակապով Վլադիմիրի շրջանի խիստ ռեժիմի գաղութում, որտեղ ընդդիմադիրն արդեն կրում է խարդախության հոդվածով 9 տարվա ազատազրկման պատիժը:
Նշված գործը պաշտպանները, աջակիցները, բազմաթիվ երկրների պետական ղեկավարներ, հանրային անվանի գործիչներ և իրավապաշտպաններ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը և միջազգային այլ կառույցներ շինծու են որակում և համարում են քաղաքական հետապնդում:
Նավալնին նախօրեին փաստաբանների միջոցով տարածել է հատուկ ուղերձ, որով կոչ է արել չվախենալ ու շարունակել պայքարը Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ: Ահա պատառիկներ ուղերձից, որը ձայնագրել է ընդդիմադիր լիդերի թիմակիցը: Նավալնին ենթադրել է, որ դատավճիռը դաժան կլինի, այսպես ասած՝ «ստալինյան», պատժաժամկետը՝ երկար:
«Բանաձևը պարզ է, կտան այն, ինչ խնդրել է դատախազը՝ մինուս 10-15 տոկոս: Խնդրել են 20 տարի, կտան մոտավորապես 18: Դա էական նշանակություն չունի, չէ՞ որ շատ շուտով դրան կհաջորդի պատժաժամկետն ահաբեկչության հոդվածով, դրանով էլ մի 10 տարի կավելացնեն»:
Նավալնին երեք խնդրանքով դիմում է հանրությանը
Այդ նոր դատավճռի կպակցությամբ Նավալնին երեք խնդրանքով դիմում է հանրությանը և ասում, որ թիրախը ինքը չէ, հենց հանրությունն է և երեք խնդրանքով դիմել է մարդկանց:
«Ուստի, խնդրանքս, երբ կհնչի տարիների թիվը, պետք չէ ինձ հետ համերաշխություն դրսևորել ողբ անելով և բացականչելով, թե «սա ինչ է, կարծես Ստալինի տարինեին են»: Դրա փոխարեն համերաշխություն հայտնեք ինձ և մյուս քաղբանտարկյալների հետ, մեկ րոպե մտածելով՝ «Ինչո՞ւ այսպես ցուցադրաբար այդքան հսկայական պատժաժամկետ: Դրա գլխավոր իմաստն է՝ վախեցնել, ոչ թե ինձ, այլ ձեզ, նույնիսկ այսպես կասեմ՝ անձամբ նրան, ով հիմա կարդում է այս տողերը»:
Նավալնիի փոխանցմամբ, բանտարկելով հարյուրավորներին, Պուտինն ուզում է միլիոնավորներին վախեցնել:
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հենց հիմա տասնյակ միլիոնավոր մարդիկ դեմ են կոռուպցիային, պատերազմին և անօրենությանը: Հենց հիմա տասնյակ միլիոններ կողմ են արդար ընտրությունների, ժողովրդավարության, իշխանափոխության և ուզում են, որ Պուտինը հեռանա»,- ասել է Նավալնին:
Նա կոչ է անում թույլ չտալ, որ Պուտինը հասնի իր նպատակին. - «Ուրեմն խնդրանք թիվ երկու՝ երբ վճիռը կհրապարակվի, մտածեք միայն մեկ, իսկապես կարևոր բանի մասին՝ «Ես անձամբ ի՞նչ կարող եմ անել դիմադրելու համար, որ Կրեմլում հաստատված սրիկաներն ու գողերին չխժռեն երկիրս և իմ ապագան։ Ի՞նչ կարող եմ անել բոլոր վտանգները և հանգամանքները ծանրութեթև անելուց հետո»,- ասել է Նավալնին և շարունակել. «Եվ ահա երրորդ խնդրանքը, որն ամենակարևորն է. Խնդրում եմ, պատասխանելով այդ հարցին, չհամարձակվեք ասել. «Ոչինչ»: Դուք կարող եք»:
Նրա համոզմամբ, ամոթ չէ ընտրել առավել անվտանգ մեթոդը, ամոթ է ոչինչ չանել. - «Իսկ անելիք կա, քաղաքացին կարող է թեկուզ խոսել հարևանների հետ, թռուցիկ փակցնել, տարածեք Նավալնիի հիմնադրամի հետաքննությունները, ամեն ամիս գոնե 500 ռուբլի ուղարկել հիմնադրամին կամ ընդդիմադիր մյուս կառույցներին ու լրատվամիջոցներին: Կարող է գրել սոցցանցերում, օգնել քաղբանտարկյալներին, վերջապես գրաֆիտի պատկերել ու գնալ հանրահավաքի»:
Նավալնիի փոխանցմամբ, բոլոր փոփոխություններն ապահովում են քաղաքացիների առավել ակտիվ 10 տոկոսը: Բռնադատել անգամ 10 տոկոսին՝ մեկուկես միլիոն մարդու, հիմա գործնականում անհնարին է ո՛չ քաղաքական, ո՛չ էլ կազմակերպչական առումով։ Դրա համար էլ ռեժիմն ուզում է մի բան անել, որ շշմեցնի, վախեցնի, զրկի անձին որևէ բան անելու ցանկությունից։ Մինչդեռ, իրավապաշտպանները չեն բացառում, որ ռեժիմի հիմնական նպատակն է պարզապես վերացնել Նավալնիին: Այդ մասին «Ազատության» ռուսական ծառայության «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակցի հետ զրույցում ասել է «Ռուս սիդյաշչայա»՝ «Նստած Ռուսաստանը» իրավապաշտպան հիմնադրամի ղեկավար Օլգա Մորոզովան:
«Շատ է նման, որ նրան ուզում են վերացնել կալանավորների ձեռքերով: Ում հետ նա նստելու է, ցմահ ազատազրկման դատապարտվածներ են և կորցնելու բան չունեն, ցմահից շատ հո չե՞ն տա: Իսկ {բանտում} ավելորդ տեսակցության հնարավորությունը նրանց համար կարող է {սպանություն կատարելու} խթան դառնալ»,- ասել է Օլգա Ռոմանովան: