Մատչելիության հղումներ

«Վագիֆ Խաչատրյանը Բաքվում հարցաքննվել է»


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և Բաքու տեղափոխված Վագիֆ Խաչատրյանը «հարցաքննվել է», ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է այդ երկրի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Իլգար Սաֆարովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Խաչատրյանը «ձերբակալվելուց հետո բուժզննում է անցել, տեղափոխվել բուժհաստատություն»։

«Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, և կատարվել է նախաքննություն։ Ներկայումս նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ»,- Սաֆարովի խոսքերն է մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցը։

Արցախցուն ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են շաբաթ օրը: Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի ուղեկցությամբ Երևան էր տեղափոխվում հրատապ վիրահատության: Խաչատրյանի դուստրը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները։

Արցախի 68-ամյա քաղաքացու առևանգման կապակցությամբ այսօր հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հայկական կողմին կոչ անելով «աջակցել մարդկության դեմ հանցագործություն իրականացրած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն»։

«Հայկական կողմը, գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների, զանգվածային սպանությունների, այդ թվում՝ ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանության համար պատասխանատու անձանց գործողությունները պաշտպանելու և կոծկելու փոխարեն, պետք է աջակցի նրանց քրեական պատասխանատվության ենթարկելուն», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

XS
SM
MD
LG