Ավելի քան 7 ամիս մոր խնամքից զրկված 3-ամյա Վարդանը ցույց է տալիս ոտքի փոքրիկ վնասվածքն ու հազիվ հասկանալի բառապաշարով ասում՝ «նկարի՝ մաման տեսնի, որ ոտքս ցավում է»։
Ալավերդցի փոքրիկ Վարդանի մայրը՝ Մարիամ Սիրադեղյանն Արցախում է մնացել։ Կարճատև աշխատանքի է մեկնել Արցախ, բայց արդեն 7 ամիս չի կարողանում տուն վերադառնալ։ Վարդանը տատի՝ 47-ամյա Մելինե Սիրադեղյանի խնամքին է մնացել։
Արցախում շրջափակման մեջ մնացած Մարիամն ասում է՝ դեռ մեկ ամիս առաջ կարողանում էր աշխատանք գտնել, վարձով տան գումարը փակել։ Հիմա արդեն գրեթե բոլոր աշխատատեղերն են փակ։ Ստեփանակերտում տեղաշարժվել էլ չի լինում։
«Ոչ մեկի համար հեշտ չի, որովհետև այս պահի դրությամբ նույնիսկ սովորական հացի համար ժամերով հերթ ենք կանգնում, որ գոնե մի հատ հաց առնենք: Ոչ մի բան չկա խանութներում, ոնց մտնում ենք, տենց դուրս ենք գալիս: Կարելի է ասել հլը որ ամառային էս բարիքներից ենք կարողանում օգտվել՝ կարտոֆիլ, պոմիդոր: Բայց ահավոր թանկ են», - պատմեց Մարիամը:
Դեռ ձմռանն «Ազատությունն» անդրադարձել էր Արցախում մնացած Մարիամին ու իրենից հեռու՝ Ալավերդիում ապրող նրա փոքրիկ որդու պատմությանը։ Մարիամն այս ընթացքում մեկ անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստան վերադառնալու հնարավորություն է ունեցել, բայց ասում է՝ զգուշացել է, Արցախում դեռ ամիսներ առաջ լուրեր էին պտտվում, թե ադրբեջանական անցակետն այնքան էլ անվտանգ չէ։ Այժմ արդեն պետական ու միջազգային կառույցներին դիմելն անօգուտ է։
«Սոցիալական աշխատողներին եմ զանգահարել, գոնե, ինչը չի կարողանում գումարով առնի՝ ձեթ ա, պեսոկ ա տան, ասել են՝ թող գա, բայց հույս չենք տալիս, որ իրան կհասնի, որոհտեև ինքը այստեղ փոքր երեխ չունի, ծեր չի, ստեղ գրանցում չունի: Կառավարություն եմ զանգել, ասում են՝ ռեսուրսներ չունենք, Առողջապահություն ենք զանգել՝ հիվանդ պետք է լինի», - ներկայացրեց Մելինե Սիրադեղյանի:
Երեք տարեկան թոռնիկի խնամքով զբաղվող Մելինեն ասում է՝ այսօր բժիշկները նրան վիրահատություն են նշանակել, բայց փոքրիկի հետ անհնար է համարում՝ ինչպես է լուծելու առողջական խնդիրները։
«Առողջական խնդիրներ շատ ունեմ, չեմ կարողանում ոչ մի տեղի վրա գնամ, երեխային թողնեմ ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ թողնեմ գնամ, տղաս էլ առողջական խնդիրներ ունի պատերազմից հետո», - ասաց նա:
47-ամյա կինը հետևում է պաշտոնական լուրերին ու ասում, թե փակված անցակետից ելք այլևս չի տեսնում. - «Սպասումն ամենավատ բանն է»:
3 տարեկան Վարդանի ոտքին տատիկը սպեղանի դրեց, բայց վստահ, որ այն մայրիկի գուրգուրանքին չի փոխարինի։ Փոքրիկ տղան Արցախում արգելափակված մորից կոնֆետ է ուզում։