Մատչելիության հղումներ

Տնտեսվարողի համար ավելի հեշտ է տուգանք վճարել, քան վտանգավոր արտանետումները չեզոքացնող թանկարժեք սարքեր գնել. փորձագետ


Բնապահպան Նազելի Վարդանյան
Բնապահպան Նազելի Վարդանյան

Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչները տարիներով բողոքում են տարածքում գործող քարի արտադրամասից արտանետվող փոշուց։

Լիլիթ Աբաջյանն ասում է՝ փոշին երբեմն այնքան թանձր է, որ ստիպված է լինում փոխել աշխատանքի գնալու իր ճանապարհը. - «Ավելի երկար ճանապարհով եմ գնում միայն նրա համար, որ չշնչեմ այդ օդը»։

Աբաջյանի խոսքով, արտադրամասին ավելի մոտ ապրողները չեն կարողանում նույնիսկ ամռան շոգին բացել պատուհանները, իսկ երեխաները բակ իջնելուց հետո պետք է պաշտպանիչ միջոցներ կիրառեն. - «Ամեն երեկո ստիպված ես լինում աչքերին դեղ կաթացնել»։

Օրերս բնակիչներից մեկը տարածել էր իր պատուհանից նկարահանված տեսանյութը, որտեղ պարզ երևում է օդում գոյացած փոշու ահռելի ամպը։

Քարի արտադրամասը շահագործող «Էրեբունի գրուպի» տնօրենի հետ զրուցել չհաջողվեց, բայց արտադրամասի գործավար Օֆելյա Պողոսյանը փոշին համարեց ոչ թե իրենց, այլ երևանյան քամու «գործունեության» հետևանքը. - «Շաբաթ օրը, օրինակ, մենք էստեղ նստած էինք, ուժեղ քամի էր։ Մենք ոչ աշխատում էինք, ոչ բան, ամբողջ տարածքը փոշի էր, բոլոր տեղերից փոշին գալիս էր։ Բայց դրա հետ մենք ի՞նչ կապ ունենք»։

Դեռ մեկ շաբաթ առաջ բնակիչների ահազանգի հիման վրա «էկոլուրը» դիմում էր հասցեագրել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, դրա հիման վրա քարի արտադրամասում ստուգում էր անցկացվել։

Ավագ տեսուչ Նաիրա Մկրտչյանը փոխանցեց, որ արտադրամասն ունի գործունեությունն իրականացնելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ փոշու պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել. - «Ուղղակի զուտ տեխնիկական պատճառով այդ մի քանի օրվա ընթացքում արտանետումների քանակը մեծացել ա»։

Ըստ տեսուչի, քարերի ջարդիչ կայանի աշխատանքի ընթացքում բավարար ջուր չի մատակարարվել, որպեսզի չեզոքացվի փոշին։ Այս ստուգումներից հետո տեսչական մարմինը արտադրամասի տնօրենին 100 հազար դրամի վարչական տույժի է ենթարկել։ Ըստ տուգանքը նշանակած տեսուչի, խնդիր արդեն շտկվել է. - «Մեր ներկայությամբ խնդիրը լուծվել ա արդեն, և ուղղակի մեր կողմից տրվել է առաջարկություն, որով որ առաջարկում ենք կազմակերպությանը լինել ավելի հետևողական նման տեխնիկական խնդիրներից և փոշու մեծ արտանետումներից խուսափելու համար»։

Թեև արտադրամասի գործավարը պնդում է, թե իրենց գործունեության 18 տարիների ընթացքում պահպանել են օդում սահմանված փոշու թույլատրելի քանակը և խնդիր չեն ունեցել տարածքի բնակիչների հետ, տասը տարի 9-րդ զանգվածում բնակվող Լիլիթ Աբաջյանը հակառակն է փաստում. - «Տարիներ շարունակ խնդիրը կա»։

Արտադրամասի գործավարը սրա պատասխանն էլ ունի. ասում է՝ թեև իր բնակարանը իրենց արտադրամասից բավականին հեռու է, բայց միևնույնն է՝ եթե տան փոշիներն ամեն օր չսրբի, տունը շատ փոշոտ կլինի. - «Էկեք մեր տունը։ Եթե օրվա մեջ մի վեց անգամ փոշի չվերցնես, մատով գրես, կգրվի։ Բա մե՞նք ում վրա բողոքենք»։

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը արդարացի է համարում բնակիչների բողոքը՝ շեշտելով, որ տեխնիկական խնդիրները, կամ արտադարամասի շահագործումը չպետք է բացասական ազդեցություն ունենան ունենա շրջակա միջավայրի և հենց բնակիչների առողջության վրա. - «Էդ փոշու մեջ պարունակվում են այնպիսի նյութեր, որոնք այննպիսի խնդիրներ կարող են առաջացնել, որոնք նույնիսկ անբուժելի լինեն»։

Հարցին, թե բնակելի թաղամասում արդյո՞ք հնարավոր է և' շարունակել արտադրամասի շահագործումը, և՛ խուսափել հետևանքներից, Վարդանյանը պատասխանեց. - «Այլ երկրներում կան նման տեխնոլոգիաներ, որոնք փոշի չեն բան անում, կամ նվազագույն չափով ա դա լինում։ Մեր մոտ ոչ մի հանքում դրանք չեն պաշտպանվում, դրա համար տեսականորեն, այո, հնարավոր ա, բայց պրակտիկայում մեր մոտ ոչ մի տեղ չի իրականացվում»։

Բնապահպանի կարծիքով, անհրաժեշտ է մշտապես հետևել, թե ինչ ազդեցություն է ունենում արտադրամասը շրջակա միջավայրի վրա. - «Մենակ գալ, նշել ու տենց մի քանի հարյուր հազար տուգանել, դրանով չի կարելի ավարտել»։

Փորձագետն ասում է՝ առհասարակ վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը, քիչ են։ Տնտեսվարողի համար ավելի հեշտ է պարզապես վճարել գումարը, շարունակել գործունեությունը, քան վտանգավոր արտանետումները չեզոքացնող թանկարժեք սարքեր գնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG