Այսօր Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից 13 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Լեռնային Ղարաբաղի առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են Հայաստան բուժում ստանալու համար։
Ավելի քան 200 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
«Չնայած իրականացված ջանքերին՝ Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը», - ասված է հաղորդագրությունում:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, նշված է հաղորդագրությունում:
2022-ի դեկտեմբերի 12-ից բնապահպանական պատրվակով Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն 7 ամսից ավելի շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։