Մատչելիության հղումներ

Ըստ Խուրշուդյանի՝ բանակցությունները դեռ գտնվում են ճգնաժամի կառավարման փուլում


Բանակցությունները դեռ գտնվում են ճգնաժամի կառավարման փուլում, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ նշելով՝ դրանք ավելի շատ միտված են պատերազմական որևէ էսկալացիա չվերսկսելուն։

Դժվար է առաջընթաց համարել այն, որ մինչ օրս փակ է Լաչինի միջանցքը, ասաց ՀԿ ղեկավարը՝ նշելով՝ հիմա ավելի կատարյալ շրջափակում՝ պաշարում է իրականացնում Ադրբեջանը։ Խուրշուդյանի խոսքով՝ թեև հիմա խոսվում է որոշակի փոքրիկ առաջընթացների մասին ճանապարհների կամ դելիմիտացիայի հարցում, սակայն ընդամենը վերահաստատվել է 91 թվականի ԱՊՀ ստեղծման հռչակագրին համապատասխան սահմանների դելիմիտացիան։

«Այսինքն՝ սա ավելի շատ է նման, որ բանակցային գործընթացը դոփում է տեղում, բայց գործընթացն ինքնին այնքանով է կարևոր, որ կառավարվում է կոնֆլիկտը, որպեսզի գոնե ավելի մեծ ռազմական էսկալացիա չլինի։ Թեև շրջափակման հարցում մենք կարող ենք ասել, որ կա էսկալացիա, որովհետև նախկինում, եթե ինչ-որ բեռներ հնարավոր էր լինում ինչ-ինչ ճանապարհներով, ամեն դեպքում, հասցնել Արցախ, այսօր այդ շրջափակումն արդեն մեկ ամիս է կատարյալ է և իրոք սովի եզրին է կանգնած Արցախի բնակչությունը», - ասաց Խուրշուդյանը։

Կարևորելով Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությունը՝ ՀԿ ղեկավարը միևնույն ժամանակ նկատեց՝ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում այդտեղ միջազգային հանրության ներկայացուցիչների առկայությանը, հետևաբար, Խուրշուդյանի համոզմամբ, Բաքուն հետևողական է լինելու առաջ մղելու զուտ իր ինտեգրման օրակարգը։

«Իհարկե, Արցախի իշխանություններն էլ իրենց կողմից կարող են ասել, որ մենք էլ հետամուտ ենք լինելու ինքնորոշման օրակարգին, բայց էս դեպքում, իհարկե, քանի որ ուժերն անհավասար են, կարևոր էր միջազգային ներկայացուցիչների առկայությունը սենյակում, որին, ցավոք սրտի, միջնորդները մինչ այժմ չեն կարողացել հասնել», - եզրափակեց ՀԿ ղեկավարը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG