Ստամբուլում անցած գիշեր կայացան Էրդողան-Զելենսկի բանակցությունները։ Մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Ուկրաինան վաստակել է ՆԱՏՕ-ի անդամ լինելու իրավունքը։
«Ուկրաինան արժանի է անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Ես կցանկանայի կրկին ընդգծել մի կետ, որը միշտ համառորեն պաշտպանել եմ՝ արդար խաղաղությունը պարտվողներ չի ստեղծում։ Չնայած կողմերի միջև տարաձայնություններին, մենք անկեղծորեն ցանկանում ենք վերադառնալ խաղաղության ջանքերին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը, որը մեկ անգամ չէ իր միջնորդությունը առաջարկել Ուկրաիայի ու Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնելու համար։
«Ամենասկզբից, երբ ի հայտ եկան բախումների վտանգներ, մենք գործադրեցինք բոլոր ջանքերը կանխելու պատերազմը։ Իսկ երբ լարվածությունը հասավ թեժ բախումների, մենք հայտարարեցինք, որ մերժում ենք միջազգային իրավունքին հակասող այդ անարդար պատերազամը»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով նաև Ղրիմի թեմային։ «Ղրիմի բռնազավթումից մինչ ներկա օրերը, բոլոր հարթակներում ենք հայտարարել ենք մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքիշխանությանը և անկախությունը»,-նշել է նա։
Էրդողանը խոստացել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի վերականգնմանը։
Նա նաև հույս է հայտնել, որ հացահատիկի գործարքի ժամկետները կերկարաձգվեն, որն ավարտվում է հուլիսի 17-ին։ Ռուսական կողմը ավելի վաղ ասել էր, որ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման համաձայնագրի ժամկետը երկարաձգելու հիմքեր չի տեսնում։
Ասուլիսում Զելենսկին ասել է, որ առաջին հերթին կենտրոնացել են, թե Թուրքիայի ղեկավարությունը և նախագահը ինչպես կարող են օգնել վերականգնելու խաղաղությունն ու միջազգային նորմալ կարգը, որտեղ բոլոր ժողովուրդների շահերը հավասարակշռված են։
«Իհարկե, պարոն Էրդողանի հետ մենք հանգամանալից քննարկել ենք մեր սևծովյան տարածաշրջանում իրավիճակը և Եվրոպայում ամբողջությամբ։ Մենք կիսում ենք նույն տեսակետը, որ ոչ ոք իրավունք չունի մեր պետություններին և ժողովուրդներին պարտադրել որևէ բան, որը չի համապատասխանում մեր շահերին։ Սև ծովը պետք է լինի անվտանգության և համագործակցության վայր, այլ ոչ թե պատերազմի ու ճգնաժամերի կամ այսպես կոչված սառեցված հակամարտությունների, որոնք ցանկացած պահի կարող են վերսկսվել ու հարվածել կյանքին ու մարդկանց»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը անփոփոխ աջակցության համար։
«Առանձին քննարկել ենք իրավիճակը մեր Ղրիմում, որը Ռուսաստանը մինչև հիմա անօրինականորեն վերահսկում է և որպես պլացդարմ է օգտագործում սպառնալիքների և վտանգների համար։
Ցանկացած դեպքում մենք կվերականգնենք մեր օրինական վերահսկողությունը Ղրիմի վրա, անվտանգություն և արդարություն կվերադարձնենք թերակղզու բոլոր բնակիչներին»,- ասել է Զելենսկին, հավելելով, որ Ղրիմի թաթարները հիմա նորից ենթարկվում են բիրտ բռնաճնշումների Ռուսաստանի կողմից։
Առաջիկայում նախատեսված է նաև Էրդողան-Պուտին հանդիպում։ Էրդողանը ասել է, որ առաջիկաում Պուտինը այցելելու է Թուրքիա։ Կրեմլի մամուլի խոսնակը հաստատել է Պուտինի այցը, բայց կոնկրետ ժամկետ Պեսկովը չի նշել։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Պուտինի այցը հավանաբար տեղի կունենա գալիք օգոստոսի ընթացքում։