Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմությունը որոշում չունի։ Թե՛ «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական Գեղամ Մանուկյանը, թե՛ «Պատիվ ունեմ»-ից ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը պնդում էին՝ հարցը նույնիսկ չեն քննարկել։
Իսկ քաղաքապետի ընտրությունները սարերի հետևում չեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Հանրայինի եթերում նախնական օր արդեն նշել է՝ ամենայն հավանականությամբ քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը՝ 17-ին։ Ընտրական օրենսգրքի կարգավորումներն է վկայակոչել, որ մայրաքաղաքի ավագանու ընտրության օրը կարող է նշանակվել սեպտեմբերի 10-20-ը, այդ տասնօրյակում մեկ կիրակի կա՝ սեպտեմբերի 17-ը։ Այնուհանդերձ, ընտրության օրը կառավարությունն է հայտարարում։ Դրանից հետո կլինեն առաջադրումներ, կնշանակվի քարոզարշավի ժամկետ։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Ընտրություններից արդեն մեկ տարի առաջ Ավինյանը նախ դարձավ փոխքաղաքապետ ու սկսեց թե՛ նախկին քաղաքապետից, թե՛ ներկա պաշտոնակատարից շատ հայտնվել տարբեր էկրաններին ու տարբեր հանրային միջոցառումների։ Քաղհասարակությունից քննադատեցին, թե իշխանական թեկնածուն նախընտրական անհավասար մրցապայքար է սկսել։ Ինքը՝ Ավինյանը համաձայն չէր:
«Ի՞նչ անի Տիգրան Ավինյանը, ձեռքերը ծալի նստի և որևէ բան չանի՞», - նշել է նա:
Եթե նայենք նախնական հայտարարություններին, սեպտեմբերյան ընտրություններում թեկնածուների պակաս չի լինելու։ «Ապրելու երկիրը» արդեն պաշտոնապես է հայտարարել, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն կուսակցություն նախագահ Մանե Թանդիլյանն է, որը վերջին համագումարի ժամանակ առաջարկում էր Երևանի ընտրությունները վերածել «իշխանության անվստահության հանրաքվեի»։
«Մենք տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի», - ասել է Թանդիլյանը:
Այսօր Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը» կրկին վերահաստատեց, որ կուսակցության ցուցակը Դավիթ Խաժակյանն է գլխավորելու։ Հաստատ է, որ մասնակցելու են, բայց միայնակ, թե դաշինքով, հիմա կոնսուլտացիաներ են։ Ո՞ր ուժերի հետ, արդյոք իշխանական ՔՊ-ի հետ էլ են քննարկումների մեջ, «Լուսավոր»-ից չեն մանրամասնում։ Իր խոսքում ավագանու ներկայիս անդամ Դավիթ Խաժակյանը իշխող թիմի հետ աշխատանքը այսօր ավելի արդյունավետ համարեց, քան Հայկ Մարությանի օրոք:
«Ես կարծում եմ, որ բոլոր ուժերն էլ որոշակի մրցակցայնություն ապահովելու են, ես այն կարծիքին չեմ, որ պետք է հայտարարել անպայման, որ դու հաղթող ուժ ես, որ ցույց տաս, թե ավելի լավ ես պատրաստված ընտրություններին», - նշեց Խաժակյանը:
Քաղաքապետի թեկնածուների մոտ մեկ տասնյակ անուններ են շրջանառվում. երգահան Ռուբեն Հախվերդյան, նրան մտադիր է առաջադրել Եվրոպական կուսակցությունը, Նատալյա Ռոտենբերգը՝ Տիգրան Արզաքանցյանի կինը, որ ամուսնու «Ուժը Հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակն է պատրաստվում գլխավորել, փաստաբան Նորայր Նորիկյան, որը «Արդար Հայաստան» կուսակցության առաջին համար կլինի, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյան, հավակնությունների մասին բարձրաձայնել է, բայց թե ո՞ր ուժի հետ է համագործակցելու, անհայտ է։
Դեռ պահպանվում է առաջիկա ընտրությունների ամենամեծ ինտրիգը՝ իշխող թիմի կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի, թե՝ ոչ, ու որ ուժի հետ։
Հարցին՝ իր թեկնածությունը դնելո՞ւ է, Մարությանը պատասխանել է. - «Բոլոր հարցերի պատասխանները ներկայացման ժամանակ»:
Բեմից էլ հարցի պատասխանը չհնչեց:
2021-ի վերջին Մարությանը հեռացավ՝ իշխանությանը մեղադրելով հեղափոխական արժեքներից շեղվելու համար:
«30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել: Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արժեքներից», - ասել է Մարությանը: