ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների շարունակմանը, երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնությունը հնարավոր է, և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին», - ասել է Միլլերը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է բանակցային գործընթացի շարունակություն այդ թվում նաև Վաշինգտոնում, խոսնակը չի պատասխանել:
Հունիսի վերջին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ավարտին միասնական հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»:
Հուլիսի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններ են նախատեսված Բրյուսելում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ: