Մատչելիության հղումներ

Էրդողանը ցանկանում է վերադառնալ ռուս-ուկրաինական խաղաղության ջանքերին


Ստամբուլում անցած գիշերը կայացած Էրդողան-Զելենսկի մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Ուկրաինան վաստակել է ՆԱՏՕ-ի անդամ լինելու իրավունքը։

«Ես կցանկանայի կրկին ընդգծել մի կետ, որը միշտ համառորեն պաշտպանել եմ՝ արդար խաղաղությունը պարտվողներ չի ստեղծում։ Չնայած կողմերի միջև տարաձայնություններին, մենք անկեղծորեն ցանկանում ենք վերադառնալ խաղաղության ջանքերին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը, որը մեկ անգամ չէ իր միջնորդությունը առաջարկել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնելու համար։

Ասուլիսում Զելենսկին ասել է, որ Էրդողանի հետ հանդիպմանը առաջին հերթին կենտրոնացել են, թե Թուրքիայի ղեկավարությունը և նախագահը ինչպես կարող են օգնել վերականգնելու խաղաղությունն ու միջազգային նորմալ կարգը, որտեղ բոլոր ժողովուրդների շահերը հավասարակշռված են։

«Իհարկե, պարոն Էրդողանի հետ մենք հանգամանալից քննարկել ենք մեր սևծովյան տարածաշրջանում իրավիճակը և Եվրոպայում ամբողջությամբ։ Մենք կիսում ենք նույն տեսակետը, որ ոչ ոք իրավունք չունի մեր պետություններին և ժողովուրդներին պարտադրել որևէ բան, որը չի համապատասխանում մեր շահերին։ Սև ծովը պետք է լինի անվտանգության և համագործակցության վայր, այլ ոչ թե պատերազմի ու ճգնաժամերի կամ այսպես կոչված սառեցված հակամարտությունների, որոնք ցանկացած պահի կարող են վերսկսվել ու հարվածել կյանքին ու մարդկանց»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Առաջիկայում նախատեսված է նաև Էրդողան-Պուտին հանդիպում, որի մասին ասել է նաև Էրդողանը։ Կրեմլի մամուլի խոսնակը հաստատել է Պուտինի այցը, բայց կոնկրետ ժամկետ Պեսկովը չի նշել։ Ըստ թուրքական աղբյուրների` Պուտինի այցը հավանաբար տեղի կունենա գալիք օգոստոսի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG