12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ի միաձայն որոշմամբ է կայացվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Հիմքերը դատական օրենքսգրքով սահմանված են, որ դատավորն իրավունք չունի քննադատել այլ դատական ատյանի, այս դեպքում այդ դատական ատյանը Բարձրագույն դատական խորհուրդն էր», - նշեց նա։
Դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի դեմ վարույթ հարուցելու հիմքը Արդարադատության նախարարությանն ու Բարձրագույն դատական խորհրդին ուղղված քննադատությունն էր։
Որոշումը բողոքարկման ենթակա չէ, և Հարությունյանն այլևս չի կրի դատավորի պատմուճանը։
«Եթե դատավորը մինչև իր հետ կապված գործը կոմֆորտ աշխատում է, որևէ քննադատություն չի հնչեցնում, այսինքն՝ մոտ 12 տարի ամեն ինչ նորմալ է եղել, գոհ է եղել դատական համակարգից, և հենց իր նկատմամբ սկսվում է կարգապահական վարույթ կամ իր ընկերոջ նկատմամբ, միայն այդ դեպքում է սկսում հայտարարություններ անել, այստեղ ես արդեն տեսնում եմ շահերի բախում», - հավելեց նախարար Մինասյանը։
«Իսկ մեր քաղաքացիները երբ առնվազն 30 տարի դժգոհ են եղել դատական համակարգից, իսկ դատավորը դրա մասին չի մտահոգվել և մտահոգվում է միայն իր սեփական մաշկի համար, այստեղ, կներեք, թույլ տվեք գործեմ միայն օրենքով», - հավելեց նա։
Ըստ Գրիգոր Մինասյանի՝ փակ նիստի ընթացքում դատավորն այնպիսի վարք է դրսևորել, որ ԲԴԽ-ն ստիպված է եղել սանկցիա կիրառել՝ նիստերի դահլիճից հեռացնելու. - «Ամեն ինչ անում է, որ բոլոր դատավորները որոշում կայացնեն հանեն»։
Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի, որը նախարարի եղբայրն է, ՀՀ երրորդ նախագահի դստեր ամուսինը, գույքի և հարստության օրինականությունը ճշտվե՞լ է, կա՞ն վարույթներ այդ փաստի վերաբերյալ։ Նախարարն ասաց. - «Ես՝ որպես արդարադատության նախարար, իմ գործունեության իրականացման շրջանակներում որևիցե ձևով նույնիսկ հնարավորություն չունեմ այդ գործերին ծանոթանալ, միջամտել, հարցը պետք է ուղղել վարույթ իրականացնողին, կարծում եմ»։
Մեկ այլ հարցին, թե իր աշխատանքային գործունեությունից ինչ-որ մանրամասներ իր եղբորը փոխանցո՞ւմ է, Գրիգոր Մինասյանն արձագանքեց՝ բնականաբար, ոչ, հավելելով, - «Հեղափոխությունից առաջ՝ 2014 թվականից, որևէ շփում չի եղել նրա հետ»։
Հայաստանը գնում է ժողովրդավարացման ճիշտ ուղիով, հայտարարեց նախարարը՝ միաժամանակ ընդունելով, որ խնդիրներ կան։ Սակայն, ըստ նրա, երբ բոլոր ոլորտներում լուրջ փոփոխություններ են լինում, խնդիրները հնարավոր են։
Նա նշեց, որ բոլոր խնդիրների լուծումը մեղավորներին պատժելն է ճիշտ ժամանակին և ճիշտ սանկցիա կիրառելով։
«Նույն Տիգրանի հետ կապված գործով եթե պարզվի, որ այնտեղ հանցագործություն է տեղի ունեցել, և գեթ մեկ քննիչ պատժվի, բայց չլինի ինքնանպատակ, իրականում քննություն լինի, և իրականում պարզվեն հանգամանքները, անպայման պետք է պատժվի», - նշեց նա՝ անդրադառնալով ՀԱԿ նախկին ակտիվիստի հաղորդմանը և պնդումներին։
Քրեական վարույթի շրջանակներում բերման ենթարկվելուց հետո այժմ տնային կալանքում գտնվող Առաքելյանը պնդում է, թե վարչության պետի աշխատասենյակում անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը իրեն բռնությունների են ենթարկել, նաև սպառնացել վերացնել ընտանիքը։
«Մեղավորները մեր երկրում անկախ նրանից նախարար է, դատավոր է, լրագրող է, բոլորը պետք է պատժվեն, եթե կատարել են հանցագործություն», - հավելեց նախարարը։