Իլոն Մասկին պատկանող Twitter ընկերությունը սպառնում է դատական գործ բացել Meta Corporation-ի դեմ՝ Threads հարթակի գործարկման պատճառով։
Semafor պարբերականի փոխանցմամբ՝ Twitter-ի իրավաբան Ալեքս Սպիրոն չորեքշաբթի օրը պաշտոնական նամակ է ուղարկել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին՝ վերջինիս ղեկավարած ընկերությանը մեղադրելով «Twitter-ի առևտրային գաղտնիքների և այլ մտավոր սեփականության համակարգված և չարամիտ յուրացման մեջ»:
Սպիրոն պնդում է, որ Threads ցանցը ստեղծելիս Meta-ն վարձել է Twitter-ի մի շարք նախկին աշխատակիցների, որոնց դեռևս հասանելի են եղել «առևտրային գաղտնիքներն ու այլ խիստ զգայուն տեղեկատվություն»:
Threads-ի խոսնակ Էնդի Սթոունը հայտարարել է, որ նոր նախագծի տեխնիկական թիմում Twitter-ի նախկին աշխատակիցներ չկան։
Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը, մեկնաբանելով Threads-ի ստեղծումը, գրել է. - «Մրցակցությունը լավ է, բայց խաբելը՝ ոչ»:
Threads հավելվածը գործարկվել է անցած օրերին և արդեն մոտ 30 միլիոն օգտատեր ունի։ Այս հարթակը հնարավորություն է տալիս մինչեւ 500 նիշ պարունակող գրառումներ կատարել եւ 5-րոպեանոց տեսանյութեր տեղադրել: