Մոսկվայի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք է խոցվել, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայություններին:
Նախնական տվյալներով՝ երեք անօդաչու թռչող սարքերը շարժվում էին դեպի Մոսկվա։
Տուժածների մասին տվյալներ չկան։
Ռուսական Տելեգրամ ալիքները հայտնում են , որ Մոսկվայի մերձակայքում խոցված անօդաչուներից մեկը կամ դրա բեկորներն ընկել են Կրիվոշեինո գյուղում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս գյուղը «Վնուկովո» օդանավակայանի մոտ է գտնվում:
"РИА Новости" գործակալությունը հաղորդում է, որ օդանավակայանը պաշտոնապես հայտարարել է «տեխնիկական պատճառներով ինքնաթիռների ընդունման և թռիչքների սահմանափակումների» մասին։