Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ մայիսի սկզբին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի հետևում կանգնած է Ուկրաինայի ռազմական կամ հետախուզական գործակալություններից մեկը, հայտնում է The New York Times-ը։
Ամերիկյան հետախուզությունը նման եզրակացության է հանգել ռուսական և ուկրաինական կողմերի հաղորդագրությունների գաղտնալսումների հիման վրա։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ ԱՄՆ հետախուզությանը դեռ հայտնի չեն տեղի ունեցածի մանրամասները։
Վկայակոչելով վարչակազմի անանուն պաշտոնյաներին՝ The New York Times-ը նշում է, որ ԱՄՆ հետախուզությունը դեռ չգիտի, թե ուկրաինական որ հատուկ ծառայությունը կամ կառույցը կարող էր կազմակերպել հարձակումը։ Նրանք նաև չեն կարող հաստատել, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրան մոտ գտնվող մարդիկ գիտեին հարձակման մասին։ Թերթի որոշ աղբյուրներ կարծում են, որ Զելենսկին հնարավոր է նախապես չի իմացել դրա մասին։
Գաղտնալսված հեռախոսազրույցները վկայում են, որ ռուս պաշտոնյաները զարմացած էին կատարվածից, ինչը չի հաստատում ուկրաինացի պաշտոնյաների առաջ քաշած վարկածը, թե անօդաչու թռչող սարքի հարձակումը հենց Ռուսաստանի կողմից կազմակերպված սադրանք էր։
Հոդվածում ընդգծվում է նաև՝ ամերիկյան վարչակազմը մտահոգված է, որ Ռուսաստանը տեղի ունեցածի համար կարող է պատասխանատվությունը դնել ԱՄՆ-ի վրա՝ որպես Ուկրաինային աջակցող երկրի։