Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում իր նստավայրում ընդունել է շվեդ երիտասարդ էկոակտիվիստ Գրետա Տունբերգի գլխավորած պատերազմի բնապահպանական հետևանքներն ուսումնասիրող միջազգային աշխատանքային խմբին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին Ուկրաինա այցելելու համար և, մասնավորապես, խոսել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման աղետալի հետևանքների մասին։
Զելենսկին նշել է, որ այդ աղետի պատճառով զոհվել են տասնյակ մարդիկ թե՛ Կիևի իշխանության հսկողության տակ գտնվող և թե՛ ռուսների կողմից զավթված տարածքներում:
Գրետա Տունբերգը Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումն անվանել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ընթացքում կատարված «էկոսպանություն»:
Համաշխարհային ճանաչում և հեղինակություն վաստակած երիտասարդ էկոակտիվիստը հավաստիացրել է, որ ամեն բան կանի պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների և մարտահրավերների քննարկմանը միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավելու համար:
Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից հետո Ուկրաինայի ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է ավելի քան 20 մարդ, ռուսական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում՝ առնվազն 46 մարդ:
Եվս մի քանի տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Ենթադրվում է, որ զոհվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: