Մատչելիության հղումներ

17 բուժառուներ՝ 11 ուղեկցողների հետ այսօր Արցախից տեղափոխվել են Հայաստան


Այսօր Արցախից 17 բուժառուներ՝ 11 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների՝ 8 ուղեկցողների հետ միասին։

Նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 31 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Հակարիի ադրբեջանական անցակետի ամբողջական արգելափակումից տասն օր անց երեկ առաջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Ստեփանակերտից 15 բուժառու՝ 9 ուղեկցողի հետ տեղափոխվել է Երևան։ Հունիսի 24-ին էլ անցակետի փակ լինելու պատճառով ռուս խաղաղապահները ուղղաթիռով մեկ տարեկան արցախցի փոքրիկի էին Երևան տեղափոխել։

Հակարիի անցակետը Բաքուն ամբողջական, այդ թվում՝ նաև ռուս խաղաղապահների, հումանիտար փոխադրումների համար փակել էր հունիսի 15-ին՝ հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման՝ կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո։

XS
SM
MD
LG