Մատչելիության հղումներ

«Վագների» շարասյունը գիշերը լքել է Դոնի Ռոստովի տարածքը


«Վագներ» մասնավոր ռազմական կազմավորման շարասյունը կիրակի գիշերը լքել է Դոնի Ռոստովի տարածքը, հայտնել է մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Տելեգրամի իր ալիքում։

Նրա խոսքով՝ նրանք ուղղվել են դեպի դաշտային ճամբարներ։

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Դոնի Ռոստովի կենտրոնում իրավիճակը կեսգիշերին կարգավորվել է։ Քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժը ճանապարհներին, ներառյալ՝ Բուդյոնովսկի պողոտայում ամբողջությամբ վերականգնվել է։ Հարավային ռազմական օկրուգի գլխավոր շտաբի շենքի մոտ ներկայումս զինտեխնիկա և համազգեստով անձինք չկան։ Մարդիկ ազատ տեղաշարժվում են քաղաքում։

Բուդեննովսկի պողոտայում մնացել է մեկ զրահափոխադրիչ, կողքին ոստիկանական բրիգադներ են։

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկ օր առաջ հայտարարեց, թե անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով ռուսական բանակը հրթիռակոծել է իր վարձկանների դիրքերը, ուստի ինքը «արդարության երթ է սկսում» դեպի Մոսկվա`մեղավորներին պատժելու համար: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Օրվա ընթացքում Պրիգոժինը հայտարարեց, թե իր վարձկանները վերահսկողության տակ են առել Ռոստովի և Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները: Դրանք ծառայում էին որպես լոգիստիկ կարևոր կենտրոն Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զինուժի համար:

Արդեն երեկոյան Բելառուսի նախագահականը հաղորդեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին: Սրան հաջորդեց զինյալների առաջնորդի հայտարարությունը, թե իրենց շարասյուներով վերադառնում են դաշտային ճամբարներ։

«Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, նրա դեմ հարուցված քրգործը կկարճվի, հայտարարեց Կրեմլի խոսնակը։

XS
SM
MD
LG