Մատչելիության հղումներ

Բայրամովը Լաչինի միջանցքի ամբողջական փակման համար մեղադրել է Հայաստանին


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հանդիպում է ունեցել Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դրագանա Կոջիչի հետ։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը Լաչինի միջանցքի ամբողջական փակման համար մեղադրել է Հայաստանին, պնդել, որ հայերը անարգել անցնում էին այդ ճանապարհով, ինչը, սակայն, «Հայաստանը չէր կարողանում մարսել և գնդակոծել է անցակետը, ինչն էլ խոչընդոտել է անվտանգ տեղաշարժին»։

Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ այժմ անհրաժեշտ են երաշխիքներ Հայաստանից, որ «նման սադրանքներն ապագայում չեն կրկնվի»։

Բայրամովը նաև առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանը «օգնելու համար» օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամրջի մոտ իրավիճակը սրվեց շուրջ տասն օր առաջ, երբ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրելու ադրբեջանցի սահմանապահների փորձը ձախողվեց հայկական կողմի միջամտությամբ։ Ադրբեջանն արգելում է նաև հումանիտար փոխադրումներն Արցախ։

Արցախն ամբողջական շրջափակման մեջ պահելուց մեկ շաբաթ անց ադրբեջանական կողմը հինգշաբթի օրն էլ Հակարիի կամրջի իր կողմում՝ անցակետից ոչ շատ հեռու, բետոնե արգելապատնեշներ է տեղադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG