Վրաստանի նախագահ Սալոմե Զուրբիշվիլին, երեկ երեկոյան հայտնելով ընդդիմադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու մասին, կարճ ասել է, որ չի պատրաստվում որևէ բացատրություն տալ, քանի որ դա իր հայեցողության իրավունքն է, որն այսօր օգտագործում է։ Ամեն դեպքում նա նշել է, որ որոշումն ընդունել է Գվարամիայի գործը դատական բոլոր ատյաններում ավարտվելուց հետո։
Նախագահի որոշումից հետո դուրս գալով Ռուսթավիի բանտից՝ Գվարամիան ասել է, թե չէր սպասում, որ ազատ կարձակվի։
«Ես չէի մտածում ու մինչև հիմա չեմ կարծում, որ պետք է ներում խնդրեմ, որովհետև ինձ անմեղ եմ համարում», - ասել նա։
Նա ներողություն է հայցել ու ափսոսանք հայտնել Սալոմե Զուրաբիշվլիից նախկինում հրապարակած մի տեսանյութի համար, որտեղ նա ոչ վայելուչ կերպով վիրավորել էր նախագահին, ասելով, թե զզվելի էր այդպես վերաբերվել կնոջը։
Գվարամիան ասել է, թե կարծում է նախագահը ներման որոշումը կայացրել է ոչ թե իր, այլ երկրի համար ու նշել, որ սխալ կլինի, եթե նախագահը չազատի նաև Միխեիլ Սաակաշվիլիին։ Նրա խոսքերով՝ դա կյանքի ու մահվան հարց է։
«Նա պետք է ներում շնորհի Միխեիլ Սաակաշվիլիին և շուտափույթ ազատ արձակի։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ եթե երկրում առնվազն 500 հազար մարդու կարծիքով պետականությանը ասոցացվող գլխավոր անձը պատանդ է դարձել, այդպիսի իրավիճակում երկում չի կարող խաղաղություն լինի, առավել ևս ապաբևեռացում», - բանտից դուրս գալով՝ ասել է Գվարամիան իրեն շրջապատած լրագրողներին։
«Սա երևի իմ միակ երջանիկ օրն էր գերի լինելու ամբողջ ընթացքում». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխել Սաակաշվիլին Ֆեյսբուքում գրել է․ «Սա երևի իմ միակ երջանիկ օրն էր գերի լինելու ամբողջ ընթացքում։ Նիկան ազատ է։ Դա արեցին Եվրոպան, Ամերիկան և հասարակական ակտիվությունը։ Գլխավոր պայքարը դեռ առջևում է, ու Նիկայի դերը շատ կարևոր կլինի»։
Ընդդիմադիր Ազգային շարժման նախագահ Լևան Խաբեիշվիլին ասել է, թե Բիձինա Իվանիշվիլիի «Ռուսական երազանքում», (այդպես է նա կոչել Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանքը»), շատ ծանր, մղձավանջային գիշեր էր։
Նա նշել է, որ նախագահի քայլը կարևոր է ոչ միայն մեկ մարդու, այլև ազգային շահերի համար։ «Հիմա կարևոր է նախագահ Սաակաշվիլիի ազատությունը, իսկ հետո մենք միասին պետք է ազատենք մեր երկիրը այս ռուսական ռեժիմից»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած քաղաքական ուժի ներկայիս ղեկավարը։
Եվրոպա-վրացական ինստիտուտի հիմնադիր Գեորգի Մելաշվիլին ասել է, որ «Վրաստանում քաղբանտարկյալների թիվը մեկով պակասեց և դա անշուշտ շատ դրական է»։
Նա նշել է, որ Զուրաբիշվին բավականին համարձակ որոշում ընդունեց, որովհետև բոլորը հասկանում են իշխող կուսակցությունը, ինչ խոսքերով է արտահայտելու իր ծայրահեղ դժգոհությունը։
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները խստորեն քննադատում են նախագահին
Մելաշվիլին չէր սխալվում։ Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները խստորեն քննադատում են նախագահին:
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր լրագրողներին ասել է, որ Նիկա Գվարամիային ներում շնորհելը նախագահի վրա ճնշումների հետևանք է։
«Նախագահի վրա բաց և թաքնված շատ ճնշումներ կային Նիկա Գվարամիային ներում շնորհելու համար, դա տեսանելի էր։ Մենք հուսով էինք, որ նախագահը կկանգնի օրենքի գերակայության և արդարության կողքին, բայց նա ընտրեց հակառակ կողմը և այդպիսի որոշում ընդունեց», - նշել է Պապուաշվիլին։
Խորհրդարանական մեծամասնության խմբակցության պատգամավոր Գիվի Միկանաձեն ասել է, թե նախագահը մի կողմ դրեց իր ինքնասիրությունը, վարկաբեկեց նախագահի ինստիտուտը, նրա համար կաևորը պատվեր ստանալն է, ասել է Միկանաձեն՝ նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպը համարելով հասարակության արձագանք։
«Ոչ ոք նրանց չէր ուղարկել, դուք ոչ մի ապացույց չունեք։ Դա հասարակության արձագանք է և ես չեմ զարմանա, եթե հասարակության արձագանքը ավելի սուր լինի», - ասել է նա լրագրողներին։
Այսօր ավելի վաղ մի խումբ մարդիկ նախագահի նստավայրի մոտ այրել են Եվրամիության դրոշը, նախագահի հասցեին բացականչել են՝ «գործակալ, դավաճան», որ նա Եվրամիության դրոշի համար հայրենիքը փոխարինել է Արևմուտքով ու պահանջել Վրաստանից վռնդել Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլիի որոշումը ողջունել են ԵԽ նախագահը, Եվրախորհրադարանի պատգամավորներ, Բրիտանիայի, ԱՄՆ-ի դեսպանները
Գվարամիային ներում շնորհելու Վրաստանի նախագահի որոշումը ողջունել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, Բրիտանիայի, ԱՄՆ-ի դեսպանները։
«Այս գործը ամենասկզբից խնդրահարույց էր։ Նախագահի որոշումը կարևոր ներդրում է Վրաստանում բևեռացման մակարդակը իջեցնելու համար։ Հիմա Վրաստանում տարանջատումների ժամանակը չէ, հիմա վրացիների միասնության ժամանակն է», - ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանն Քելլի Դեգնանը, նշելով, որ Միացյալ Նահանգները և մյուս երկրները շատ հստակ արտահայտում էին իրենց անհանգստությունը, բայց անհանգստություն հայտնելը միջամտություն չէ։
2022 թվականի մայիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը Նիկա Գվարամիային դատապարտել էր երեք տարի վեց ամսի ազատազրկման «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ղեկավարելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար։ Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է ուժի մեջ, իսկ գերագույն դատարանը բողոքարկող հայցը պարզապես չէր ընդունել։
Ընդդիմությունը պնդում էր, որ իշխանությունների քննադատող, «Ռուսթավի 2»-ից հետո ընդդիմադիր «Մտավարի արխի» նոր հեռուստաընկերության հիմնադրած Գվարամիայի ազատազրկումը քաղաքական է։