Մատչելիության հղումներ

Գաղտնալսումների սկանդալ Վրաստանում


Վրաստան - «Մթավարի Արխի» հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիա, արխիվ
Վրաստան - «Մթավարի Արխի» հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիա, արխիվ

Վրաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսում են քաղաքական դաշտի, քաղաքացիական հասարակության և եկեղեցու հարյուրավոր ազդեցիկ ներկայացուցիչների, ինչպես նաև լրագրողների անձնական խոսակցություններն ու հեռախոսազրույցները՝ ստացված տվյալները փոխանցելով երկրի ստվերային ղեկավարին՝ նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին: Կիրակի երեկոյան նման սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր հեռուստաալիքի՝ «Մթավարի Արխի»-ի ղեկավար Նիկա Գվարամիան։

Մոտ 40 րոպե Գվարամիան ուղիղ եթերում մեկը մյուսի հետևից ընթերցում էր գաղտնալսումների սղագրություններն ու Պետանվտանգության ծառայության կողմից դրանք իրականացնելու նպատակով տրված տեխնիկական հանձնարարականները։ Հրապարակված փաստաթղթերից պարզ դարձավ, որ Պետանվտանգության ծառայությունը տևական ժամանակ գաղտնալսել է ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների զրույցները։

Գաղտնի գործողությունների թիրախում հայտնված պաշտոնյաների թվում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախագահի աշխատակազմի մի շարք վարչությունների ղեկավարներ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի խորհրդականներից մեկը, մի շարք նախարարներ և իշխող մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներ։

«Մթավարի Արխի» հեռուստաընկերության ղեկավարը, սակայն, չի հստակեցնում, թե գաղտնի փաստաթղթերը ինչպես են հայտնվել իր տրամադրության տակ։ Ու թեև վրացական իշխանությունները պնդում են, որ Գվարամիայի ներկայացրած փաստերն իրականությանը չեն համապատասխանում, գաղտնալսումների հերոսներից մի քանիսը արդեն իսկ հաստատել են հեռախոսազրույցների իսկությունը։ Հեռախոսազրույցների իրական լինելու մասին մասնավորաբար հայտարարել են Transparency International-Georgia կազմակերպության ղեկավար Գիորգի Օնիանին, Սոցիալական արդարության կենտրոնի ղեկավար Գուրամ Իմնաձեն և «Վրացական ժողովրդավարական նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության ղեկավար Գիորգի Մշվենիերաձեն։

Չնայած այս հաստատումներին, այդուհանդերձ, Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին երեկ կտրականապես հերքում էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը երկրի տարածքում տոտալ գաղտնալսումների պրակտիկա է ձեռնարկում և որ առավել ևս շարունակում է հաշվետու մնալ որևէ պաշտոնական կարգավիճակ չունեցող Բիձինա Իվանիշվիլիին։

«Դա ձեր լրագրողական մեկնաբանությունն է, թե ում է հաշվետու Պետանվտանգության ծառայությունը։ Ամեն դեպքում, ես կարող եմ միլիոնավոր նման փաստաթղթեր հորինել և թողարկել, այդ ամենը որևէ պաշտոնական հիմք չունի։ Կարծում եմ,որ [Գվարամիայի] հայտարարությունները մեկնաբանելը պարզապես ավելորդ է։ Ամեն դեպքում, եթե ուզում են, թող ինձ էլ գաղտնալսեն՝ ես մարդկանց մասին միայն լավն եմ ասում», - հայտարարում էր Վրաստանի Պետանվտանգության ծառայության տնօրենը։

Ի տարբերություն Վախթանգ Գոմելաուրիի, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն երեկ կատակելու որևէ տրամադրություն չուներ։ Թբիլիսցի լրագրողների հետ զրույցում նա կտրականապես բացառում էր թե՛ գաղտնալսումների, թե՛ դրանցում Բիձինա Իվանիշվիլիի ներգրավվածության փաստը։

«Նիկա Գվարամիայի ֆանտազիաները մեկնաբանելու ցանկություն ես չունեմ։ Այն տեքստերը, որ մենք լսեցինք երեկ, հիմնազուրկ են, դրանք Գվարամիայի երևակայության արդյունքն են», - հայտարարում էր Կոբախիձեն՝ խորհուրդ տալով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին հիշել սեփական անցյալը։

Վրաստանում ծագած այս հերթական սկանդալը է՛լ ավելի թեժացրեց առանց այդ էլ լարված ներքաղաքական մթնոլորտը։ Այն կրկին սրվեց անցած շաբաթ, երբ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ հրաժարվում է կատարել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 19-ին կնքված համաձայնագրի պահանջները։

XS
SM
MD
LG