«Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի ցանկացած կիրառում Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից կամ միջուկային օբյեկտին հարվածելը անխուսափելիորեն ուղղակի վտանգ կստեղծի հարևան ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար: Այնպես որ, նման գործողությունները պետք է որակել որպես հարձակում դաշինքի վրա», - ասված է բանաձևի նախագծում, որը երեկ Վաշինգտոնում ներկայացրել են հանրապետական Լինդսի Գրեհեմը եւ դեմոկրատ Ռիչարդ Բլումենտալը։
Հանրապետական Լինսի Գրեհեմը շեշտել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու սպառնալիքը իրական է։ Ավելի վաղ նույնը նաև Միացյալ Նահանգների նախագահն էր ասել. - «Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքն իրական է։ Եվ այդ սպառնալիքը զսպելու լավագույն միջոցը պուտինյան Ռուսաստանին հստակ պատկերացում տալն է, թե ինչ հետևանքներ կունենա դրա օգտագործումն իր համար»։
Ներկայացված փաստաթուղթը, սակայն, նույնիսկ հավանության արժանանալու դեպքում խորհրդատվական բնույթ ունի։
Երեկ նախագահ Զելենսկին հայտարարել էր, թե ռուսները պատրաստվում են միջուկային աղետ կազմակերպել Զապարոզժիեի ատոմակայանում, Կրեմլը սա հերքել էր։
Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքի հրթիռակոծությունը, իսկ Ուկրաինան՝ հակահարձակումը
Կիևը պնդում է, որ ՀՕՊ-ը այս գիշեր խոցել է ռուսների արձակած բոլոր 13 թևավոր հրթիռները։ Միևնույն ժամանակ, ուկրաինական բանակը շարունակում է հակահարձակումը։
Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը պնդում է, որ ուկրաինական ուժերը առաջ են շարժվում հարավում՝ Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունները չի հաստատում։
Սակայն «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հաստատում է. - «Ռուսները նահանջում են Զապորոզժիեում, ուկրաինացիներն այստեղ առաջ են գնում։ Սա է իրական պատկերը»։
Պրիգոժինը նաև հերքել է Ռուսաստանի նախագահի, պաշտպանության նախարարի և այլ բարձաստիճան պաշտոնյաների վերջին օրերի հայտարարություններն առ այն, որ ուկրաինական բանակը մեծ կորուստներ է ունեցել հակահարձակման ժամանակ։
Նա կրկին շատ կոշտ քննադատել է ռուս ռազմական ղեկավարությանը, հատկապես Շոյգուին՝ պնդելով, թե Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ սկսելը սխալ էր, իսկ սկսելու դեպքում էլ ամեն ինչ սխալ էր ընթանում հենց առաջին օրվանից։
Ռուսական ուժերը վերջին օրերին փորձում են առաջ գնալ ճակատի արևելյան հատվածում։ Այստեղ ուկրաինական ուժերը դիմադրում են հարձակման ռուսական փորձերին: Արևելքում ուկրաինական զորքերը կանգնեցրել են Ռուսաստանի առաջխաղացումը դեպի Կուպյանսկ և Լիման քաղաքները, Telegram-ում գրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Եվրամիությունը ուժեղացնում է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Այս շաբաթ ուժի մեջ է մտնում սահմանափակումների 11-րդ փաթեթը, որում ներառվել են 100-ից ավելի ռուսաստանցիներ, այդ թվում զինվորականներ, լրագրողներ, գործարարներ։ Հերթական այս փաթեթը արգելում է նաև «Դրուժբա» նավթամուղի հյուսիսային ճյուղով ռուսական նավթի փոխադրումը, սահմանափակում է Ռուսաստանում գրանցված բեռնատարների մուտքը Եվրոպա։
Պատժամիջոցների ցուցակում են նաև 87 նոր ընկերություններ, որոնք, ըստ եվրոպացի մասնագետների, օգնում են Ռուսաստանի ռազմական արտադրությանը՝ մատակարարելով անհրաժեշտ բաղադրամասեր ու սարքավորումներ։ Ռուսական և իրանական կազմակերպություններից բացի, այս սև ցուցակում ներառվել են նաև Չինաստանում, Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում և Հայաստանում գրանցված կազմակերպություններ: