Մատչելիության հղումներ

Եվս մեկ հայկական ընկերություն՝ ամերիկյան պատժամիջոցների տակ


Հայաստանի 732-րդ ամենախոշոր հարկատուն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ

Հայաստանի 732-րդ ամենախոշոր հարկատուն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Վաշինգտոնն օրերս նոր ցուցակ հրապարակեց, որտեղ շուրջ 7 տասնյակ ռուսական ընկերությունների կողքին նշված էր նաև Երևանում գործող «Մեդիսարի» անունը։

Ամերիկյան կողմը համոզված է, որ ցանկում ընդգրկված ընկերություններն աջակցում են ռուսական բանակին և ռազմաարդյունաբերությանը։

Ինչ է հայտնի «Մեդիսարի» մասին

2001 թվականին հիմնադրված «Մեդիսարը» քիմիկատներ, լաբորատոր սարքավորումներ է ներկրում։ Այն իրեն ներկայացնում է որպես այս ոլորտում գործունեություն ծավալող Հայաստանի ամենախոշոր ընկերությունը։

«Մեդիսարը» տեղակայված է Երևանի կենտրոնում, մեծ պահեստ ունի՝ 2500 քառակուսի մետր տարածքով։

Ընկերության ներկայացուցիչները տեսախցիկի առջև խոսել չցանկացան, չձայնագրվելու պայմանով պատմեցին, որ Հայաստանի կառավարությունից իրենց ոչ ոք չի արգելել այդ ապրանքները Ռուսաստան արտահանել, պնդում էին՝ իրենք մաքուր են աշխատել, և պատկան մարմինները հստակ իմացել են, թե ինչ են ներկրում և ինչ արտահանում արևմտյան խիստ պատժամիջոցների տակ գտնվող երկիր։

Ընկերության աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, փոխանցեց, որ Ռուսաստան արտահանել են քիմիական նյութեր, լաբորատոր սարքավորումներ և այլն։ Այս ապրանքները ներկրում են տարբեր երկրներից, այդ թվում՝ հենց Միացյալ Նահանգներից, Եվրամիության պետություններից։ Ընկերությունում դեռ չգիտեն՝ ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվելը կոնկրետ ինչ հետևանքներ կունենա իրենց համար։ «Ազատությանը» չհաջողվեց պարզել՝ արդյոք ամերիկյան պատժամիջոցների ցանկում ընդգրկվելուց հետո դադարեցնելու են արտահանումը Ռուսաստան, թե՝ ոչ։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեդիսարի» միակ սեփականատերը Մանվել Գաբրիելյանն է։ Համացանցում նրա մասնակցությամբ մի քանի տեսանյութ կա, որոնցում ընկերության գործունեությունից է խոսում։

Հստակ չէ, թե քանի աշխատող ունի «Մեդիսարը», այն անցած տարի շուրջ 400 միլիոն դրամի կամ ավելի քան մեկ միլիոն դոլարի հարկ է վճարել։ Ընկերության կայքում, որտեղ վաղուց թարմացումներ չեն եղել, նշվում է՝ իրենք լայնածավալ առաքումներ են իրականացնում Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Հնդկաստան և այլ երկրներ։ Ընկերության արտասահմանյան գործընկերների շարքում են ապակուց չափիչ սարքեր արտադրող ռուսական «Խիմլաբորպրիբորը», լաբորատոր ապակեղեն արտադրող «Մինիմեդը» և այլ ընկերություններ։

Ավելի վաղ ամերիկյան պատժամիջոցների տակ էր հայտնվել Հայաստանում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում էլեկտրոնիկայի առևտրի ոլորտում։

Հերթական հայկական ընկերության նկատմամբ պատժամիջոցների սահմանումը հաջորդում է Վաշինգտոնի և Բրյուսելի՝ վերջին շրջանում հաճախակի դարձած նախազգուշացումներին, որ նաև Հայաստանի միջոցով են դեպի Ռուսաստան արգելված ապրանքներ հասցվում։

Վարչապետի անդրադարձը

Պաշտոնական Երևանը մշտապես պնդում է՝ Հայաստանն արևմտյան պատժամիջոցները չի շրջանցում։ Այսօրվա ասուլիսում վարչապետ Փաշինյանն ընդունեց, որ արևմտյան երկրների հետ հանդիպումներում այս հարցը դրվում է հայկական կողմի առաջ, իրենք էլ միշտ նույն պատասխանն են տալիս։ Փաշինյանը, սակայն, որևէ կերպ չհստակեցրեց՝ թե ինչպես են երկու ընկերություններ արդեն հայտնվել պատժամիջոցների տակ. - «Որ մենք ասում ենք, որ ա) Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանի Հանրապետությունը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների հատ և հետևաբար՝ մենք կգործենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո»։

Վարչապետի հավաստմամբ՝ Երևանը բոլոր ուղղություններով աշխատում է, որպեսզի և սանկցիաները չխախտվեն, և պահպանվեն գործընկերային հարաբերությունները Արևմուտքի ու Ռուսաստանի հետ։

«Արևմտյան մեր գործընկերների հետ անընդհատ հաղորդակցության մեջ ենք, որպեսզի նաև տեսնենք, ի վերջո Հայաստանը թափանցիկ երկիր է, մեր բոլոր թվերի մեջ երևում է, բոլոր եկած-գնացած և այլ բաները, մենք հո սև առևտրով չենք զբաղվելու, և այդ առումով հաղորդակցության մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, տեղական ընկերությունների հետ, պետական կառավարման մարմինների հետ, որպեսզի մաքսիմալ ճիշտ կարողանանք դիրքավորվել», - ասաց նա։

Հայկական կողմն իր այս պնդումը պետք է կարողանա փաստարկված, հստակ ներկայացնել Արևմուտքին. պատգամավոր

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը շեշտում է՝ պատժամիջոցները չշրջանցելու բանավոր հավաստիացումներից բացի, հայկական կողմն իր այս պնդումը պետք է կարողանա փաստարկված, հստակ ներկայացնել Արևմուտքին։

«Այդ բացատրել նշանակում է փաստարկված, հաշվետվողականության և թափանցիկ ձևով ներկայացնել այդ ամենը, ինչը բանավոր կերպով ասվում է, որևէ երկիր, ինչի դուք պատկերացնում ենք, այսինքն՝ հիմա հարևան երկրներից, որ վեր կենան, ասեն՝ այո, մենք դիտավորյալ այդ սանկցիաները փորձում ենք խախտել, անցնել դեմ։ Չեն ասի, բնական է, բոլորն էլ դա են ասում», - նկատեց պատգամավորը։

Եթե վերջին ամիսներին Մոսկվային չօգնելու զգուշացումներ հիմնականում ամերիկյան կողմն էր անում, հիմա նաև Եվրամիությունն է ուղիղ հայտարարում՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների զգալի աճը կասկածելի է Բրյուսելի համար։ Օրերս Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Պաուլո Ջենտիլոնին մատնացույց էր արել Եվրամիությունից մի շարք երկրներ և հետո այդ երկրներից դեպի Ռուսաստան արտահանման զգալի աճը։ Ղազախստանի և Ղրղզստանի կողքին Ջենտիլոնին տվել էր նաև Հայաստանի անունը։ Պաշտոնյան, սակայն, չէր հստակեցրել, թե արգելված որ ապրանքները նկատի ունի, բայց պատժամիջոցների շրջանցումը ԵՄ մարտահրավերներից մեկն էր համարել։

Ըստ «Եվրոնյուզի»՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ին ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 760 միլիոն էր՝ 2.5 անգամ պակաս։

«Ազատության» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ եվրոպական միայն մեկ երկրի դեպքում միկրոչիպերի, սարքերի ներմուծումը Հայաստան աճել է ավելի քան 700 տոկոսով։

Ըստ Արևմուտքի՝ չիպերն ու էլեկտրոնային այդ սարքերը Ռուսաստանն օգտագործում է ռազմարդյունաբերության մեջ։ Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2021-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։ Օրինակ, եթե 2021-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել 745 հատ հեռախոս, մոդեմ, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում թիվը հասել է 53 հազարի։ Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ Արևմուտքի նախազգուշացումները խոսում են այն մասին, որ պատժամիջոցների տակ հայտնված հայկական ընկերությունների ցանկը կարող է ընդլայնվել։

Եվրամիությունն այժմ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթն է նախապատրաստում։ Դրա նպատակը հենց երրորդ երկրների միջոցով արգելված ապրանքները Ռուսաստան արտահանելը կանխելն է։ Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ պատժամիջոցների ցանկում կհայտնվեն մի շարք ընկերություններ տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։ Անուններ, սակայն, դեռ չեն նշվում։

XS
SM
MD
LG