Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Լաչինի միջանցքը. Արցախի տեղեկատվական շտաբ


Արցախն ամբողջական շրջափակման մեջ պահելուց մեկ շաբաթ անց ադրբեջանական կողմը երեկ էլ Հակարիի կամրջի իր կողմում, անցակետից ոչ շատ հեռու բետոնե արգելապատնեշներ է տեղադրել։

«Ազատության» Սյունիքի թղթակցի նկահարահանած տեսանությունում երևում է, որ արգելապատնեշը ամբողջությամբ փակել է Հակարիի կամուրջը։ Կամրջի տակով ակտիվ երթևեկում են շինտեխնիկա տեղափոխող ադրբեջանական բեռնատարերը։

Տեսանյութ տարածել է նաև Արցախի տեղեկատվական շտաբը, դրանում էլ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղադրում բետոնե պատնեշները Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Աշխատանքների ավարտին ռուս խաղաղապահները լքում են տարածքը։

Ստեփանակերտը Բաքվի այս քայլը սադրանք ու հանցավոր գործողություն է որակում՝ շեշտելով, որ Ադրբեջանն արգելում է անգամ Կարմիր խաչի և խաղաղապահների երթևեկությունը։

Հակարիի անցակետով Ադրբեջանը ելումուտը արգելել է դեռ հունիսի 15-ից՝ հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման՝ կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո։

«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից: Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները», - ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում:

Նույն ընթացքում Ադրբեջանի զինուժը Պաշտպանության բանակի դիրքերն ու գյուղերն է թիրախավորում։ Երեկ կրակել են Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակելի տներից մեկի ուղղությամբ։ Տանտերը՝ Զորի Առաքելյանն այսօր «Ազատությանը» պատմեց, որ ինքը չի լսել կրակոցները, հարևանն է իրեն ասել. - «Ինձ հարևանն ասաց, որ ժեսշտին ձեն ա եկել կրիշին, տանիքին։ Բարձրացա, տեսա, մի հատ անցք բացած»։

Ադրբեջանական դիրքերը գյուղից անզեն աչքով տեսանելի են, անգամ ադրբեջանցիների տեղաշարժը, ձայներն էլ են լսվում Ճանկաթաղում։ Առաքելյանն ասում է, որ գյուղն Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում է։ Պարբերաբար ադրբեջանցիները կրակում են գյուղին մոտ տեղակայված հայկական դիրքերին, գնդակների մի մասը նաև բնակելի հատված է հասնում։ Գյուղում կրակոցների ժամանակ միշտ են զգուշավոր. - «Էրեկ սաղ օրը կարելի է ասած կրակում էին։ Օր ա ընլում, երկու օր, ըլնում ա շաբաթով չեն կրակում»։

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Արցախի պաշտպանության բանակն էլ փոխանցում է, որ երեկ ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանի Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Գերատեսչությունը տուժածների մասին չի հաղորդում։

«Պաշտպանության բանակի կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-ից ժամը 14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ», - հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից՝ հավելելով, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Սա առաջին նման դեպքը չէ։ Արցախից վերջին շրջանում բազմաթիվ են հաղորդումները գյուղաշխատանքերով զբաղվող գյուղացիների ուղղությամբ կրակոցների մասին։ Բաքվից պնդում են, թե իբր հայկական գյուղատնտեսական աշխատանքների քողի ներքո ինժեներական աշխատանքներ է փորձում անել։

Ամիսներ շարունակ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանի զինված ուժերին ու Արցախի Պաշտպանության բանակին է պարբերաբար մեղադրում կրակոցների համար։ Նույն ընթացքում Երևանն ու Ստեփանակերտն հերքում են Բաքվից հնչող այդ պնդումները, իրենց հերթին հաղորդում ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի պարբերական խախտումների մասին։

Երեկ Պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։

XS
SM
MD
LG