Մատչելիության հղումներ

Դատարանը երկու ամսով կալանավորեց Աշոտյանին. փաստաբանն ասաց՝ որոշումը բողոքարկելու են


Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանին՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Դատարանի բակում էին հավաքվել Աշոտյանի կուսակիցները, աջակիցները, որոնք քննադատում էին իշխանությանը՝ Արցախի հարցով մտահոգված Աշոտյանի դեմ քաղաքական հետապնդում նախաձեռնելու համար։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ բողոքարկելու է որոշումը։

«Նա նախկին նախարար է, փոխգնդապետ է բժշկական ծառայության, բայց ցանկանում են տեղափոխել Նուբարաշեն, սա էլ յուրատեսակ երևի վրեժխնդրության մեթոդ է: Ես չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի», - նշեց փաստաբանը:

Արմեն Աշոտյանը մեղադրվում է փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղքը չի ընդունում ու դեռ անցած նոյեմբերին է «Ազատության» հետ զրույցում շինծու որակել մեղադրանքը։ Գործն առնչվում է տարիներ առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էր, երբ համալսարանը մի քանի սենյակներ էր գնել դաշնակցական Իշխան Սաղաթելյանի մերձավորներին պատկանող Սևանի «Ծովասար» հյուրանոցից։ Իրավապահները պնդում են, որ անօրինական այս գործարքով համալսարանին պատճառվել է մոտ 40 միլիոն դրամի վնաս։

«Բժշկական համալսարանն իր սեփական միջոցներով, իր արհմիության սեփական միջոցներով ձեռք է բերել անշարժ գույք, որը իրենք կարծում են, որ անգամ ձեռքբերման պահին իբր թանկ է արվել, բայց իրենք են տվել փորձաքննության, այսինքն՝ ալտերնատիվ փորձաքննություն չկա, և այդտեղ ակնհայտ է, որ վիճարկելու լիքը տեղ կա վիճելի: Այդ գույքը հիմա ավելի թանկ արժե: Փորձում են ռեպուտացիոն վնաս հասցնել, օգուտը քաղաքական մրցակիցներին վարկաբեկելն է, եթե ստացվի, նստացնելը, դատելը, եթե չէ, մաքսիմալ ցեխոտելը», - ասել էր Աշոտյանը:

Այս դրվագից բացի, ըստ մեղադրանքի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցը կազմակերպել է ավելի քան 185 միլիոն դրամի հափշտակությունը։

Հանրապետական փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Քննչական կոմիտեի երեկվա պնդումներին ու ձայնագրություններին, թե Աշոտյանը փորձել է ազդել գործի քննության վրա, վկաներին և մեղադրյալներին առաջարկել հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որ տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը, ըստ այդմ պլանավորի իր և նրանց գործողությունները։

Դավիթ Հարությունյանը պնդում է՝ իրավական գործընթաց այստեղ չկա. - «Ընդհանրապես իրավունքի մասին խոսք չկա, կարելի է ցանկացած արարք, կարելի է նաև հեքիաթ վերցնել, ուղղակի յուրաքանչյուր 4-5 բառից հետո գրել հանցավոր մտադրությամբ, կատարելով հանցագործություն, մի 4-5 տող բաց թողնել, գրել՝ չարաշահելով պաշտոնական դիրքը, վերջում ավելացնել՝ այսպիսով կատարելով փողերի լվացում»:

Քննչական կոմիտեն չի հստակեցրել, թե ովքեր երեկ հրապարակված ձայնագրության մասնակիցները:

«Ձայնագրությունը ոչ մի բանի մասին է, ձայնագրության մեջ լսվող անձինք չեն հարցաքննվել, դա գինովցած երկու հոգու խոսակցություն է: Ձեզ մասն են տրամադրել, ինձ տվել են ամբողջ քաղվածքը այդ զրույցի: Ես ասում եմ՝ իսկ հնարավոր է մեկը մյուսին խաբում է, օրինակ, խարդախի, ուզում է գումարին տիրանա, պայմանական, դա ստուգե՞լ եք, առերեսվե՞լ է Արմեն Աշոտյանի հետ: Ի վերջո, այդ խոսակցությունից երևում է, որ իրենք են ուզում ճնշել Արմեն Աշոտյանին, ոչ թե ճնշվում են Արմեն Աշոտյանից», - ասաց փաստաբան Աթանեսյանը:

Մինչդեռ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է՝ քաղաքական շարժառիթ գործը չէր կարող ունենալ. - «Ինձ թվում է այդ գործի նյութերը կարդացած ցանկացած մարդ առնվազն չի կիսի նրանց տեսակետները, ես էլ ինչ կարդացել եմ, մամուլից եմ կարդացել, ի դեպ»:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Աշոտյանին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։

XS
SM
MD
LG