Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի


Նախկին իշխանական «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Նրա հետ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով․ - «12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։ Որպես ձերբակալման հիմք որոշման մեջ նշված է, որ նա խախտել է բացակայելու արգելք՝ խափանման միջոցի պայմանները։ Ինչո՞վ է խախտել, նշված չէ։ Քննիչին էդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»։

Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Աթանեսյանն այսօր տեղեկացրեց՝ մեղադրանքը լրացվել է վատնում կազմակերպելու հոդվածով և այն ծիծաղելի որակեց։

«Նկարագրությունը հետևյալն է՝ վատման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի, գումար չի կորել, այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում է բժշկական համալսարանին և արժի երկու անգամ թանկ հիմա, քան, երբ որ ձեռք է բերվել», - ասաց փաստաբանը՝ շեշտելով՝ Աշոտյանը սա քաղաքական հետապնդում է որակում։

XS
SM
MD
LG