Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքի հարցով Հակակոռուպցիոն դատարանի նիստը գիշերն ավարտվել է, որոշումը կհրապարակվի ուրբաթ ժամը 12-ին, Ֆեյսբուքում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ընդդիմադիր գործիչը նախօրեին է ձերբակալվել։
Ըստ Քննչական կոմիտեի, Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Աշոտյանը Բժշկական համալսարանում չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Հինգշաբթի օրը նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ ընդդիմադիր գործչի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է ևս մեկ՝ վատնում կազմակերպելու հոդվածը։ Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։
«Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով։ 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար», - փոխանցեց Աթանեսյանը։
Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Թե արդյոք Հանրապետական կուսակցության փոխնախագահը փորձել է դուրս գալ երկրից, Քննչական կոմիտեից չեն հստակեցնում։
Տիգրան Աթանեսյանն ևս ասաց, թե տեղյակ չէ ինչ խախտման մասին է հաղորդել Քննչական կոմիտեն։ Ըստ փաստաբանի, Աշոտյանն այս ընթացքում երկիրը լքել է մեկ անգամ դեկտեմբերին, բայց՝ քննիչների իմացությամբ. - «Ձերբակալման հիմք է նշված որոշման մեջ, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները։ Ինչո՞վ է խախտել, նշված չէ։ Քննիչին էդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել։ Դրան զուգահեռ, լրացվել է մեղադրանքը, ոչ փաստական կազմը, այլ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք ութ ամիս չենք հարցաքննվել, քննություն կարելի է ասել մեր հետ չի կատարվել»։
Ինչպես Աշոտյանը, այնպես էլ նրա թիմակիցները, ընդդիմադիրները Քննչական կոմիտեի պնդումը աբսուրդ են համարում։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համոզված է, որ Աշոտյանը չի փորձել լքել երկիրը. - «Իշխանությունները բազմիցս խոչընդոտել են պարոն Աշոտյանի քաղաքական գործունեությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կարևորագույն հանդիպումներին մասնակցությունը, որովհետև դա իրենց չի հետաքրքրում։ Իրենց հետաքրքրում է ընդամենը ընդդիմախոսների նկատմամբ նման ձևով ճնշումներ իրականացնելը»։
Փաստաբան Աթանեսյանը իրավապահների մեղադրանքը ծիծաղելի է համարում՝ առանց հստակ փաստեր ներկայացնելու. - «Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում։ Մեղադրանքի մասին երկու բառով նշեմ։ Այն պարզապես ծիծաղելի է, նկարագրությունը հետևյալն է. բոլորս հասկանում ենք, որ վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի։ Գումար չի կորել, գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում է բժշկական համալսարանին և արժի երկու անգամ թանկ, քան երբ որ ձեռք է բերվել։ Իմ կարծիքով, այլ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են»։
Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առերևույթ չարաշահումների գործով նաև շուրջ 40 միլիոն դրամ արժողությամբ գույք հափշտակելու մեղադրանքով քրեական հետապնդում է սկսվել 2012-2018 թվականներին Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Միքայել Նարիմանյանի նկատմամբ։
Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականը պնդում է, որ Աշոտյանի դեմ գործը համակարգվում է բարձրագույն իշխանության կողմից։