Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը շինծու և զավեշտալի է համարում իրեն առաջադրված մեղադրանքը


Գլխավոր դատախազությունը դեռ չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ արարքի համար են պաշտոնեական դիրքի չարաշահման ու փողերի լվացման հոդվածներով մեղադրանք առաջադրել ընդդիմադիր Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որին «Զվարթնոց» օդանավականում նախօրեին թույլ չեն տվել մեկնել երկրից։

Ինքը՝ Աշոտյանն ասում է, թե մինչ այդ տեղյակ չի էլ եղել, որ երկրից դուրս գալու արգելք ունի, սահմանն անցնելիս անցագրայինի աշխատակիցներն են տեղեկացրել, որ ելքի արգելք կա, ներողություն խնդրել ու արգելել առաջ գնալ։

«Մի վկայող փաստն այն է, որ հինգուկես ժամվա մեջ է սարքվել, ես վստահ եմ, այս թեման, ու զանգով, երկրորդը նա է, որ խափանման միջոց է ընտրվել իմ նկատմամբ, որի մասին ես տեղյակ չեմ եղել, և երրորդը հետևյալն է՝ ես առհասարակ այդ պահին մեղադրյալ չեմ եղել: Զանգով փակել են ՍԵԿՏ-ս [սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ], ես վստահ եմ, որ եթե թղթեր էլ սարքել են, թղթերը սարքել են հետին թվով, որովհետև նոր քրեական պրոցեդուրալ կարգավորումներով այնտեղ ժամկետների խնդիր կա՝ քննիչը դատախազին պիտի գրի, դատախազը մեղադրանք առաջադրի դրա հիման վրա, քննիչը պետք է դիմի պատկան մարմիններին իմ ՍԵԿՏ-ը փակելու համար», - ասաց նա:

Թեև իրավապահները դեռ լռում են, բայց հայտնի է, որ մեղադրանքն առնչվում է տարիներ առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էր, երբ համալսարանը գնել էր ներկայիս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանի մերձավորներին պատկանող Սևանի «Ծովասարի» հյուրանոցից մի քանի սենյակներ։ Այդ ժամանակ Աշոտյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Այսօր գործից շատ մանրամասներ չփոխանցեց՝ նախաքննության տվյալները չհրապարակելու պատճառաբանությամբ։

«Բժշկական համալսարանն իր սեփական միջոցներով, իր արհմիության սեփական միջոցներով ձեռք է բերել անշարժ գույք, որը իրենք կարծում են, որ անգամ ձեռքբերման պահին իբր թանկ է արվել, բայց իրենք են տվել փորձաքննության, այսինքն՝ ալտերնատիվ փորձաքննություն չկա, և այդտեղ ակնհայտ է, որ վիճարկելու լիքը տեղ կա վիճելի: Այդ գույքը հիմա ավելի թանկ արժե», - հավելեց Աշոտյանը։

Օդանավակայանից վերադառնալուց հետո արդեն՝ երեկ երեկոյան, Հանրապետականի օրոք Կրթության նախարարությունը 7 տարի ղեկավարած Աշոտյանին կանչել են հարցաքննության՝ տեղեկացրել մեղադրանքի մասին։ Իշխանության սուր քննադատը, որ քաղաքական հետապնդում է որակում իրեն վերագրվող հանցանքը, հրաժարվել է հարցաքննվել։ Ասաց՝ իրեն այդպես էլ չեն հստակեցրել, թե կոնկրետ որ օրը և որ ժամին է կայացվել մեղադրանքի որոշումը։ Գործը համարում է շինծու և զավեշտալի։

«Փորձում են ռեպուտացիոն վնաս հասցնել, օգուտը քաղաքական մրցակիցներին վարկաբեկելն է, եթե ստացվի, նստացնելը, դատելը, եթե չէ, մաքսիմալ ցեխոտելը: Նույնը ոնց որ ուզենաս ստալիչնի սարքես, տավարի միս չլինի, նրբերշիկը կտրտես, գցես մեջը... Այդպես է սարքած, ռեցեպտը գիտեն՝ ոնց գործ սարքել, բայց ինգրիդիենտները ձեռքի տակ չեն եղել», - շեշտեց Աշոտյանը:

Նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչը չմտաբերեց, թե Քննչական կոմիտեն իրեն որքան գումար լվանալու համար է մեղադրում։ Նրա կարծիքով՝ այս հոդվածը իրեն եվրոպացի գործընկերների առջև վարկաբեկելու համար է։

Սկզբում արգելում են երկրից դուրս գալ, հետո նոր միայն տեղեկացնում մեղադրանքի մասին. մի շարք իրավապաշտպաններ ու իրավաբաններ քննադատում են իրավապահների այս գործելաոճը։ Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում ակնհայտ ապօրինություն է որակում տեղի ունեցածը. «Իսկ դա օրենքով հնարավոր է մի դեպքում, եթե կիրառված լինի «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ Սա ակնհայտ ապօրինություն է և անթաքույց քաղաքական հետապնդում «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված երկրում», - գրել է իրավապաշտպանը։

Մինչ Հանրապետականի փոխնախագահն ու նրա համախոհները իշխանությանն եմ մեղադրում, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս անդրադարձել էր Աշոտյանին՝ պնդելով իրենք քրեական գործերից տեղեկություններ չունեն. «Որևիցե ձևով քաղաքական իշխանությունը նախապես տեղյակ չի լինում որևէ քրեական գործի հետ կապված: Բայց մի հատ հին անեկդոտ կա, ասում է՝ դու ոչ մի բան չէիր արել, քեզ հենց նենց տեղը և այլն... չշարունակեմ, նենց որ, թող մտածեն, որ ժամանակին ինչ-որ արել են, որ դրա համար պատասխան են տալու, և չի կարելի որևիցե ձևով ասել, որ դա քաղաքական որևիցե նպատակ ունի», - հայտարարել էր Սիմոնյանը:

Այս գործով մեղադրյալ է նաև Բժշկական համալսարանի հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, որին անցած շաբաթ մեղադրեցին գույքի հափշտակության համար։ Նրա դեպքում ավելի քան 39 մլն դրամի գույքի մասին են խոսում իրավապահները։ 70-ամյա Նարիմանյանը այսօր չցանկացավ խոսել մեղադրանքի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG