Մատչելիության հղումներ

Խնածախի մաթեմատիկայի ուսուցիչը պնդում է՝ սահմանային գյուղերի դպրոցներում նվազում է նաև աշակերտների թիվը


Ալբերտ Աղաջանյանը Խնածախի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի միակ ուսուցիչն է։ Թեև տունն աշխատավայրից շատ հեռու չէ, բայց այնտեղ հասնելու համար ամեն օր ստիպված է հաղթահարել կածան հիշեցնող քարքարոտ ճանապարհը։ Ասում է՝ որքան էլ դժվար է՝ ուսուցիչը պետք դասարան մտնի ներկայանալի տեսքով, կոկիկ հագնված։

«Ամեն օր էսպես նույն ճանապարհով գնում ենք դպրոց, կինս էլ ա ուսուցչուհի, եթե գետինը սառած ա լինում, իրեն էլ պետք է ուղեկցեմ, որ կարողանա էդ ճանապարհով գնա», - պատմեց Աղաջանյանը:

45 տարվա փորձ ունեցող ուսուցիչը սահմանամերձ գյուղի դպրոցում դեռևս միակն է, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը։ Շաբաթներ առաջ խորհրդարանի ամբիոնից կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը հենց Ալբերտ Աղաջանյանին էր հիշել, երբ խոսել էր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին։

«Այս պահին մենք Սյունքում՝ Խնածախ գյուղում, ունենք ուսուցիչ, ով ստանում է 450 հազար դրամ: Սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, որ ծրագիրը միայն Երևանի ուսուցիչների համար չի», - նշել է ժաննա Անդրեասյանը:

«Մեր նախարար Տիկին Անդրեասյանին չեմ մեղադրում, իրան ինֆորմացիան ա սխալ հասել», - ասաց Աղաջանյանը:

Ուսուցիչը նախարարի տվյալները թյուրիմացության արդյունք է համարում։ Ենթադրում է, որ նախարարին ներկայացրել են էլեկտրոնային հաստիքացուցակի տվյալները, որտեղ իր անվան դիմաց 32 դասաժամ է գրված, իսկ ինքը թեև այդ 32 դասաժամերը պարապում է, բայց ստանում է 27 դասաժամի վարձավճարը՝ «մաքուր»՝ այսինքն հարկված 295 հազար 62 դրամ։

«12-րդ դասարանում, աշակերտները երբ հնարավորություն ունեն առարկա ընտրելու, աշակերտների կեսն ա ընտրել մաթեմատրիկա, կեսը ուրիշ առարկա ա ընտրել, այսինքն դասարանը կիսվել ա, հետևապես ես 10 ժամ պարապելով 5 ժամի վարձատրություն եմ ստանում», - ասաց ուսուցիչը:

Մանկավարժը խորհուրդ է տալիս ատեստավորումը դարձնել պարտադիր

2021 գործող ծրագրով կամավոր ատեստավորում անցնող ուսուցիչները ըստ հավաքած միավորների աշխատավարձը 30-100 տոկոսով բարձրացնելու հնարավորություն են ստանում։ Ատեստավորման 90 տոկոսի շեմը հաղթահարած ուսուցիչն ասում է՝ ինքը կողմ է գիտելիքների ստուգման այս տարբերակին, միայն թե պետք է վերանայել ուսուցիչներին աշխատանքի ընդունելու գործող կարգը։

«Բոլոր ուսուցիչները իբր թե 2013 թվականից դպրոց են ընդունվում մրցույթով, բայց ի՞նչ մրցույթ։ 100 անգիր արած հարցով ֆիզկուլտուրայի ուսուցիչ էլ ենք ընդունում, հայոց լեզվինն էլ, մաթեմատիկայինն էլ։ Տնօրենը հնարավորություն չուներ ստուգելու տվյալ ուսուցիչը ի վիճակի է, թե՝ չէ։ Հետագայում փաստաթղթերը նորմալ ա, գրում էին համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին։ Տարիներ շարունակ սա եղավ ու էս պահին ստացվել ա էնպես, որ մեր դպրոցները լիքն են խոտաններով», - ընդգծեց Աղաջանյանը:

Այս վիճակից դուրս գալու համար երկարամյա մանկավարժը պետական այրերին խորհուրդ է տալիս ատեստավորումը դարձնել պարտադիր՝ ստուգել բոլորի գիտելիքները ու բարձր աշխատավարձ վճարել բոլորին։ Պնդում է՝ ուսուցչի աշխատանքը պետք է գրավիչ դարձնել, որպեսզի դպրոցները չդատարկվեն։ Ափսոսանքով է նշում, որ սահմանային գյուղերի դպրոցներում օր օրի նաև աշակերտների թիվն է նվազում։

«Այնքան արդեն պակասել ա, կարծում են, թե մեծ թիվը, որ ասում ենք, ինչ-որ տեղ սուտ ենք ասում։ Ես որ աշակերտ եմ եղել, 532 աշակերտ ա եղել, որ տնօրեն եմ դարձել 2005 թվականին, եղել ա 175, էսօր ունենք 75 աշակերտ, մի խումբն էլ, դրանց մի խումբը, եկել են Լաչինի Արցախի տարածքից», - նշեց նա:

Մեղվաբուծություն՝ ուսուցչի աշխատանքին զուգահեռ

Աղաջանյանը դատարկվող գյուղի խնդիրներն է թվարկում՝ խմելու ջուր չկա, աշխատատեղ չկա, գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհները վատ վիճակում են, գյուղի բարձունքներում ադրբեջանցիներն են նստած. - «Մեր ցանկացած հարց էսօր լուծված չէ, ու հասել ա նրան, որ մի մասն էլ որ աշխատանք չունեն, լքում են գյուղը։ Տեսնում են ուրիշ տեղ, թեկուզ Քաջարան գնա, մի մեքենա ա վարում, ամսական միլիոն ա ստանում, 800 հազար ա ստանում։ Մնում ա գյուղում 80 հազար չի ստանում։ Այստեղ մնացել են ծերերը, մնում են նպաստառուները, որ պետությունից նպաստ ստանան»:

Գյուղից գնալու մասին պարոն Աղաջանյանը չի մտածում։ Մեղվաբուծությամբ է զբաղվում։ Ասում է՝ գտել է երկրորդ եկամտաբեր զբաղմունքը, որը կարող է համատեղել ուսուցչի աշխատանքի հետ։

«Երբ պահում ես ուրիշ անասուն, ամեն օր պիտի դրա հետ զբաղվես, մանկավարժության, մանկավարժի աշխատանքի հետ համատեղելի աշխատանք ա սա։ Ե՛վ մաքուր ա, և՛ համատեղելի։ Իսկ ուրիշները մի քիչ համատեղելի չէ։ Դե մի քիչ սանիտարական տեսակետից, մտնես անասնագոմ, հետո դուրս գաս դպրոց գնաս, դա էլ չի լավ։ Բացի դրանից ժամանակի համար էլ, անասունին ամեն օր պիտի հետևես, չէ։ Բայց ես վաղը Գորիս վերապատրաստման եմ, մեղուն թող մնա, կսպասի ինձ», - ներկայացրեց Աղաջանյանը:

Մանկավարժ-մեղվաբույծը նկատել է, որ գյուղի արոտավայրերում ադրբեջանական զորքերի տեղակայումից հետո մեղվի բերքը անհամեմատ շատացել է, մեղվաբուծությունը արոտը կորցրած գյուղացիների համար՝ դարձել հեռանկարային։ Խնածախի անասունները Լաչինի արոտներից օգտվել արդեն չեն կարողանում, փոխարենը մեղուներն են անարգել անցնում սահմանը։

«Երբ անասուն չկա, ծաղիկը հասցնում ա ծաղկել, նեկտար տալ ու բացի դրանից բնակչություն էլ չկա, օրգանական ավելի մաքուր դաշտ են գնում իրանք։ Շատ առատ բերք հնարավոր ա։ Ամենապակաս տարին միջին բերք կապահովի, մի բան էլ քեզ համար, ամենապակասը», - ընդգծեց նա:

XS
SM
MD
LG