Մատչելիության հղումներ

Լիրան կրկին անկում է ապրում, Reuters-ը թուրքական տարադրամի նոր ճգնաժամ է կանխատեսում


Թուրքական լիրան շուրջ հինգ ամսվա հարաբերական կայունությունից հետո կրկին անկում է ապրում: Մայիսին լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9 տոկոսով, իսկ տարեսկզբից ի վեր արդեն 20 տոկոսով:

Reuters-ը ծավալուն հոդվածում թուրքական ազգային արժույթի նոր ճգնաժամ է կանխատեսում, որը նաև քաղաքական հետևանքներ կունենա։ Հոդվածի հեղինակը նկատում է՝ աշխարհում պարենի և էներգիայի գների բարձրացումը թանկ է արժեցել առանց այն էլ վատ վիճակում գտնվող թուրքական տնտեսության վրա:

Անցած տարվա դեկտեմբերին թուրքական տարադրամի փոխարժեքը այն աստիճան կտրուկ անկում արձանագրեց, որ Ստամբուլի ֆոնդային բորսան ստիպված եղավ մի քանի ժամով դադարեցնել սակարկությունները։ Ազգային արժույթը փրկելու համար Թուրքիայի Կենտրոնական բանկը, քաղաքացիներն ու մասնավոր ընկերությունները շուրջ 1,5 միլիարդ դոլար վաճառեցին՝ ամրապնդելով լիրայի փոխարժեքը։ Բացի այդ, իշխանությունները հայտարարեցին, որ թուրքական արտահանող ընկերությունների համար Կենտրոնական բանկը արտոնյալ փոխարժեք կսահմանի, որպեսզի դրանք ապահովագրված լինեն դոլարի հանդեպ լիրայի կուրսի հնարավոր նոր տատանումներից՝ խոստանալով այդ գումարը քաղաքացիներին վճարել պետական գանձապետարանից:

Այն ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե վիճակը վերահսկողության տակ է. - «Արժութային անհիմն տատանումները մեծ մասամբ վերահսկողության տակ ենք առել: Այս տատանումները ժամանակավոր են: Ակնկալում ենք, որ տարվա սկզբին լիրան կրկին կարժևորվի: Սրան հասնելու համար մեր ձեռքում եղած գործիքները կօգտագործենք»:

Ինչպես անկախ տնտեսագետներն էին կանխատեսել, այս նախաձեռնությունը կարող է արդյունավետ լինել միայն կարճաժամկետ հեռանկարում և հետագայում բավական թանկ արժենալ թուրքական տնտեսության համար, քանի որ նոր գումարի մուտքը շուկա անխուսափելիորեն հանգեցնելու է գնաճի նոր ալիքի։ Ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գնաճը երկրում հասել է 70 տոկոսի:

Reuters-ը գրում է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի ռեզերվների պակասուրդը արդեն 55 միլիարդ դոլար է կազմում, այդ պատճառով էլ երկրի տնտեսությունը կարող է չդիմանալ արժութային հերթական ճգնաժամին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը հայտարարում է, թե պատերազմը Ուկրաինայում խոչընդոտել է փոխառությունների, արտահանման և նպատակային ներդրումների ճանապարհով վիճակը կայունացնելու փորձերը: Օրերս Էրդողանը հայտարարեց, թե ներկայիս տնտեսական դժվարությունները գլոբալ բնույթ են կրում և երկիրը ունակ է հաղթահարել առկա խնդիրները:

«Մենք կհաղթահարենք արժույթի և գնաճի հետ կապված խնդիրները: Քայլեր կձեռնարկենք մարդկանց առօրյա կյանքի թանկացման դեմն առնելու համար՝ կանխելով կենսամակարդակի անկումը: Այս հարցում մեր գործարար աշխարհի աջակցությունն ենք ակնկալում», - ասել է Թուրքիայի նախագահը:

Չնայած այս պնդումներին, կառավարությունը բանկային տոկոսադրույքները շարունակում է ցածր պահել և վտանգ կա, որ գնաճը կարող է եռանիշ թվերի հասնել:

Reuters-ի դիտարկմամբ, արտաքին ներդրումները կարող են պակասել նաև Արևմուտքի հետ հակասությունների ֆոնին, որ առաջացել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի կոշտ դիրքորոշման պատճառով։

Ամենօրյա թանկացումների և աճող վարձավճարների պատճառով մեծանում է հանրային դժգոհությունը իշխանությունների նկատմամբ: Այս պատկերը լավ արդյունքներ չի խոստանում հաջորդ տարի խորհրդարանական և նախագահական ընտրությունների պատրաստվող Էրդողանին և նրա առաջնորդած կուսակցությանը: Սոցիալական վերջին հարցումները ցույց են տալիս, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է կորցնել խորհրդարանական մեծամասնությունը, իսկ Էրդողանը հազիվ թե կարողանա վերընտրվել:

XS
SM
MD
LG