Մատչելիության հղումներ

«Հիշողության սրճարան»՝ Երևանում


Գոհար Գալստյանը Երևանում բացված «Հիշողության սրճարան»-ի մշտական այցելուներից է։ 26 տարի մանկապարտեզի տնօրեն է աշխատել, հիմա թոշակի է անցել, բայց մեկ է տանը նստել չի կարողանում։

«Արդեն երկու տարի կենսաթոշակի եմ, ու դա համընկավ համավարակի, պատերազմի հետ, շատ վատ տրամադրվածություն, հոգեկան ապրումներ, դժվար, ծանր էին էդ օրերը», - նշեց Գոհար Գալստյանը:

Տիկին Գոհարը պատմում է, երբ իմացավ նախաձեռնության մասին շատ էր ուրախացել, իր կարծիքով այստեղ ամենակարևորը ստացած մարդկային շփումն է. - «Նոր ընկերներ ենք ձեռք բերել, խաղում ենք ինտելեկտուալ խաղեր, վարժություններ ենք անում, նվագում ենք, երգում ենք, պարում ենք: Ինձ հետ արդեն իմ ընկերուհիներն էլ են գալիս»:

Ժամանցի այս վայրը բացվել է նախ և առաջ հիշողության խնդիրներով տարեցներին աջակցելու համար։ Նրանք նախ թեստ են անցնում, որի ժամանակ սոցիալական աշխատողը ստուգում է հիշողության մակարդակը։ Ծրագիրն իրականացնող «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանն ասում է՝ այստեղ շահառուները նոր ընկերներ են ձեռք բերում, միմյանց հետ շփվում.... Փորձը ցույց է տալիս, որ թոշակի անցնելուց հետո մարդիկ հաճախ դառնում են ինքնամփոփ, մեկուսացած:

«Փորձում են մեկը մեկին ինչ-որ բաներ սովորեցնել, և մենք ենք սովորում որպես կրտսեր սերունդ», - նշեց Բադալյանը:

«Հիշողության սրճարանը» «Լոֆթ»-ի տարածքում է գործում, կենտրոնի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանն ասում է՝ սկզբում այս հավաքները երիտասարդ աշխատակազմի համար անսովոր էին, բայց ժամանակի ընթացքում թիմն ընտելացավ։

«Մենք, կարելի է ասել, բոլոր թիրախային խմբերին ներգրավել էինք բացի 65-ից ավելի տարիք ունեցող մարդկանց», - նշեց Միրզոյանը:

Մարիամ Բադալյանը վստահ է՝ տևական այցելությունները կտան իրենց դրական արդյունքը։ Նպատակը տարեցներին մշտապես ակտիվ պահելն է։ Արդեն կան մասնակիցներ, որոնց մոտ նկատվում է հիշողության լավացում, փոխվել է նաև նրանց վարքը. - «Մի կնոջ մոտ դեմենցիա էր կոնկրետ, բայց նրա մոտ արդեն մի փոքր շարժ կա, շարժ ասելով նկատի ունեմ թեկուզ զրույցը, խոսքը»:

Նորքի տուն-ինտերնատում գործող «Հիշողության ակումբից» հետո սա Հայաստանում երկրորդ նման վայրն է տարեցների համար։ Ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանն ասում է՝ անցած տարի իրենց իրականացրած հետազոտությունը մտահոգիչ պատկեր է ցույց տվել։

«Նախնական տվյալների ամփոփումից պարզ է, որ ավելի քան 35 տոկոսը այս կամ այն տիպի կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում», - ներկայացրեց Կամավոսյանը:

Առողջապահության նախարարությունը վերջերս է մշակել «Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը», ըստ որի կսահմանվի հետագա ռազմավարությունը։ Պետությունը նախատեսում է պոլիկլինիկաներում 40-ից բարձր անձանց համար հիշողություն թեստ անցկացնել, որը կախտորոշի դեմենցիան և կկանխի կամ կդանդաղեցնի դրա հետագա զարգացումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեմենցիաների 70 տոկոսը պայմանավորված են Ալցհայմերի հիվանդությամբ, իսկ սա ծանր նյարդաբանական խնդիրը է, որն ուղեկցվում է հիշողության կորստով, խնդիրների լուծման անկարողությամբ և մտածողության խանգարումներով։

Նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը կարևորում է հիվանդության վաղ հայտնաբերումը ոչ միայն շահառուների, այլև նրանց ընտանիքի անդամների համար, որպեսզի իմանան ում դիմել, ինչպես վարվել:

«Սովորաբար, հիվանդները դիմում են այն փուլում, երբ որ խնդիրն արդեն զարգացած է և սիմպտոմները արդեն ակնհայտ են, և այդ փուլում այլևս շատ մեծ աջակցություն այլևս հնարավոր չէ տալ», - ընդգծեց Գալստյանը:

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են իրենց վրա վերցնել դեմենցիայի կանխարգելման ազգային պլանի իրագործման բեռը։ Պաշտոնյաներն առայժմ հստակ պատասխան չեն տալիս, բայց հավելում են, թե այդ բեռը թեթևացնելու համար հաջորդ տարի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում կբացվի դեմենցիայի կախարգելման հատուկ բաժին։ Սա պիլոտային ծրագիր կլինի. - «Եթե այն հաջողվի, ապա կտարածվի նաև բազմաթիվ այլ բժշկական կազմակերպություններում»:

Մինչ կառավարությունը դեռ ռազմավարություն է մշակում, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն ու «Լոֆթ»-ը պատրաստվում են նման կենտրոններ բացել նաև Գյումրիում ու Վանաձորում։ Երևանյան հիշողության սրճարան այցելելիս Գոհար Գալստյանը հատուկ է պատրաստվում:

«Երկու ժամը շատ լավ է ու մենք սպասում ենք այս օրվա, առավոտից պատրաստվում ենք, որ հանդիպում ենք ունենալու ու վերջապես տնից դուրս գալու առիթ է, թե չէ ամբող օրը տանը թոշակառուի համար, որն ամբողջ կյանքն աշխատել է, շատ դժվար է», - ասաց տիկին Գոհարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG