Մատչելիության հղումներ

Վիզայի ժամադրության խնդիրը չի լուծվում. հյուպատոսարաններում ու վիզա կենտրոններում ազատ օրեր չկան


Հայաստանի քաղաքացիների համար վերջին ամիսներին ԵՄ երկրներ մեկնելը մի քանի անգամ բարդացել ու թանկացել է. քաղաքացիներն ամիսներով վիզայի դիմումի համար ժամադրություն չեն կարողանում ամրագրել, անգամ այնպիսի դեպքերում, երբ Եվրոպա գնալն անհրաժեշտ է՝ մասնագիտական, գիտական կամ կրթական նպատակներով։

«Ազատությունը» դեռ մարտին էր անդրադարձել այս խնդրին, սակայն, ավելի քան երկու ամիս անց շարունակում ենք բազմաթիվ բողոքներ ստանալ քաղաքացիներից, որոնք ամիսներ շարունակ Եվրոպա մեկնել չեն կարողանում։

Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Իսպանիա, Չեխիա, Հունաստան. կա՛մ դեսպանատներում, կա՛մ վիզա կենտրոններում առաջիկա ամիսներին ազատ օր չկա ժամադրության համար։ Օրինակ՝ Իտալիայի դեպքում մուտքի արտոնագրի համար ժամ ամրագրել հնարավոր է միայն նոյեմբերին՝ այն էլ՝ ոչ հենց ամսվա սկզբից, այլ՝ կեսից։

«Մենք ավելի բարդ ու խրթին ճանապարհով ենք հասնում էնտեղ ու զարտուղի ճանապարհով ենք ժամադրություն վերցնում», - ասաց Տաթևիկ Ղազարյանը:

Քաղաքացիները նվաստացուցիչ ու խտրական են համարում ԵՄ դեսպանատների գործելաոճը

«Խտրական» ու «նվաստատուցիչ», Տաթևիկ Ղազարյան, այսպես է բնութագրում այն գործընթացը, որի միջով ստիպված անցնում են Հայաստանի քաղաքացիները, ու որի միջով ինքն էլ է անցել` այն էլ այն դեպքում, երբ վիզան իրեն ու գործընկերներին հենց եվրոպական արժեքների թեմայով համաժողովին մասնակցելու համար է անհրաժեշտ եղել։

«Ամենաանհրաժեշտ փաստաթղթերը մենք հավաքել էինք ու հրավերն էինք կցել պաշտոնական Գերմանիայից, սակայն մեզ ասացին, որ՝ ձեզ օր չենք կարող տրամադրել, քանի որ տեղ չկա, այնուհետև մենք դիմեցինք Գերմանիայի մեր գործընկերներին, խնդրեցինք՝ իրենք դեսպանատանն ուղիղ դիմեն, իրենք էլ դեսպանատանը դիմեցին, սակայն նույն պատասխանն իրենց է տրվել, որ՝ չենք կարող իրենց ընդունել, քանի որ ազատ օր չկա», - պատմեց Ղազարյանը:

Քաղաքացիներից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ ու տեսանկարահանվել, «Ազատությանը» պատմեց՝ ամռան սկզբին Եվրոպա մեկնելու համար դեռ փետրվարից սկսել է վիզայի դիմումի համար ժամ ամրագրել. Իտալիա, Իսպանիա, Լիտվա ու Գերմանիա. ոչ վիզա կենտրոններում, ոչ էլ հյուպատոսություններում ազատ ժամ չկա՝ ժամեր, օրեր շարունակ է փորձել, ասում է։

«Ուզում էի հունիսին, հունիսին դա հնարավոր չի։ Ես հիմա ուզում եմ սեպտեմբերին, սեպտեմբերին էլ հնարավոր չի, ինչո՞ւ, որովհետև Լիտվայի դեսպանատունը նույն սկզբունքով է՝ ինչ-որ մի օր ինչ-որ մի օր է բացում, ոչ ոք չգիտի՝ էդ որ օրն է: Իսպանիան օր չի բացում մայիսի 30-ից հետո, այսինքն, նույնիսկ կալենդարը չկա։ Իտալիան նոյեմբերին ա, առաջին օրը, որ ես կարող եմ վերցնել, օրերը պետք է էնքան հասանելի լինեն մարդկանց, որ նրանք հնարավորությւոն ունենան շատ տարբեր դեպքերում դիմել կամ գրեն, որ մենակ հատուկ մարդիկ կարան գնան, էդ հատուկ մարդիկ էլ պետք է լինեն հատուկ սորտի, էդ մարդկանց սորտավորում է, այսինքն, ամեն մեկը չի կարա գնա», - ասաց քաղաքացին։

Գերմանիայի դեսպանատունն էլ բազմաթիվ բողոքներից՝ նաև «Ազատության» անդրադարձից հետո փոխեց վիզայի ժամադրության սկզբունքը։ Առցանց հերթագրման համակարգի փոխարեն քաղաքացիները հիմա ժամադրություն կարող են ամրագրել դեսպանատանը նամակ գրելով։ Սակայն այս փոփոխությունից հետո էլ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են՝ սպասարկման սահմանափակ հնարավորությունների պատճառով քաղաքացիները կարող են սպասել մինչև 5 ամիս։

Շատերը դեսպանատների ծանրաբեռնվածությունն արհեստական են համարում

Դեսպանատները, այդ թվում՝ Գերմանիայի վիզայի պահանջարկի կտրուկ աճով են պատճառաբանում ծանրաբեռնվածությունը։ Մինչդեռ քաղաքացիներից շատերը դեսպանատների ծանրաբեռնվածությունն արհեստական են համարում՝ շեշտելով՝ ժամադրությունների մեծ մասը հենց զբոսաշրջային գործակալություններն են վերցնում ու անգամ մի քանի տասնյակ հազար դրամով քաղաքացիներին վաճառում։

«Ազատությունը» քաղաքացիներից շատերից բողոքներ ստացավ, որ դեսպանատների օրերը զբաղեցնելու համար գործակալություններն ու առանձին անհատներ հատուկ մշակված ծրագրեր են կիրառում՝ բոտեր։ Տաթևիկ Ղազարյանն էլ կասկած չունի դրանում։

«Եթե մենք համարվում ենք ավելի արագ ֆիզիկապես օր վերցնողներ, մենք անզոր ենք արդեն բոտի դեմ, վայրկյանական՝ 1-3 վայրկյանում առավելագույնը, օրը փակվում է, այսինքն՝ ինչ-որ մեկը վերցնում է», - նշեց նա:

Օրինակ՝ Իսպանիայի մուտքի արտոնագրերի հարցով զբաղվող կազմակերպությունում հիմա ժամ ամրագրել հնարավոր չէ։ Կենտրոնից հայտնում են, թե ամսվա վերջ նման հնարավորություն կլինի։ Մինչդեռ նույն ընթացքում առանձին անհատներ, գործակալություններ Իսպանիայի վիզա ստանալու համար ազատ ժամեր են վաճառում՝ անգամ մոտակա օրերի համար։

Մինչ դեսպանատները պատճառաբանում են, թե ծանրաբեռնված են, գործակալությունները վիզայի դիմումի համար ազատ ժամեր են վաճառում

«Ազատություն»․ - Ուզում էի հասկանալ՝ Իսպանիայի վիզայի համար ժամ կարո՞ղ եք վերցնել։

Գործակալության ներկայացուցիչ. - Էրեկ վեկալել էի էսօրվա համար։ Կոնկրետ օր չեմ կարող ասել… երկար չի տևում էլի, մաքսիումը թող լինի ամսի 2-ին:

«Ազատություն» - Իսկ եր՞բ կարող եք վերցնել։

Գործակալության ներկայացուցիչ. - Երկար չի տևում:

ԵՄ դեսպանը վստահեցնում է՝ վիզաների տրամադրման ընթացակարգի հեշտացման հարցը քննարկում են

Եվրամիությունում տեղյակ են, որ Հայաստանում շենգեն վիզա ստանալու ընթացակարգը բարդացել ու գրեթե անհնար է դարձել։

«Փաստը, որ շատ զբոսաշրջային գործակալություններ ամրագրում են բոլոր ազատ տեղերը, խնդրի մի մասն է, և մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Օրինակ՝ Գերմանիան փոխեց գործընթացը: Ինչքան որ տեղյակ եմ՝ նույնը Լիտվան է արել», - ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը վստահեցնում է, թե իրենք վիզաների տրամադրման ընթացակարգի հեշտացման հարցը քննարկում են ինչպես Արտգործնախարարության, այնպես էլ ԵՄ անդամների հետ, բայց դիվանագետը չի հստակեցնում՝ կոնկրետ ինչ քայլեր են անում այդ ուղղությամբ ԵՄ անդամները, որոնք մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ Հայաստանի հետ ավելի քան տասը տարի առաջ համաձայնագիր են ստորագրել։

Մինչ Եվրամիության դեսպանի պնդմամբ՝ եվրոպական կողմը դիտարկում է ինչպես հեշատցնել վիզաների տրամադրման կարգը, բազմաթիվ երիտասարդներ կորցնում են հնարավորությունը եվրոպայում տարբեր կրթական ծրագրերի մասնակցելու համար։ Նման մի կազմակերպությունում հիմա ստիպված առաջնահերթությունը տալիս են այնպիսի երիտասարդների, որոնք արդեն իսկ վիզա ունեն։

«Նմանատիպ ծրագրերը սակավ հնարավորություններով երիտասարդների համար են ու աշխատում ենք այնպես անենք, որ երիտասարդներն ավելի գումար չվճարեն, բայց փաստացի ստացվում է այնպես, որ պետք է դիմել վիզաների կենտրոններ, լրացուցիչ գումարներ վճարել դրա համար, Եվրամիությունը շատ ժամանակ չի հասկանում, թե ինչու են լրացուցիչ գումար վճարել, իր վիզաների կենտրոնն է, էդ գումարները չեն փոխհատուցում, ասում են, որ առանձին վճարում է դա, կարող էր չլինել», - նշեց Future In Our Hands ՀԿ տնօրեն Տիգրանուհի Ալեքսանյանը:

Եթե Եվրամիությունը մի քանի տարի առաջ ազատ վիզային ռեժիմ է սահմանել հարևան Վրաստանի համար, ապա Հայաստանի դեպքում նույնիսկ դրան նախորդող ազատականացման երկխոսությունը տարիներ շարունակ այդպես էլ չի մեկնարկում: Երկխոսության մեկնարկին մեկ-երկու երկիր են դեմ, ասում են կողմերը՝ առանց բացահայտելու՝ որ երկրներն են դրանք ու ինչ պատճառաբանությամբ են հապաղում։

XS
SM
MD
LG