Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին հարցը չէ, սա միջազգային հարց է և պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների և միջազգային հանրության ներգրավմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Բաքվի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին գործն է։
Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։
Այս անգամ Շառլ Միշելը ընդգծեց երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Բանակցություններից հետո Բաքուն կրկին պնդեց, թե Ղարաբաղի հայերի հետ հարաբերություններն իր ներքին գործն է։
«Սահմանների և քարտեզների չափը և տարածքները դա նոր չէ, որ ճանաչվել են, դա միշտ էլ ճանաչված է եղել դեռևս 1991 թվականին՝ և՛ Հայաստանինը, և՛ Ադրբեջանինը։ Մենք, այո՛, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես իրենք են ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները և փոխադարձ ճանաչում է տեղի ունեցել, այդ ճանաչումը միշտ էլ եղել է, ուղղակի սա կրկին ոնց որ վերահաստատեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալը և սահմանների անխախտելիությունը, բայց Լեռնային Ղարաբաղի հարցը բացարձակապես կապված չէ այդ հանգամանքի հետ և Ադրբեջանը չի կարող ասել, որ սա իր ներքին հարցն է և իր ներիքն հարցն ինչպես կուզի կլուծի», - ասաց Խաչատրյանը։
Լեռնային Ղարաբաղի հետ կապված կա միջազգային պայմանավորվածություն, կան բազմաթիվ ակտեր, նկատեց իշխանական պատգամավորը։ Վկայակոչելով նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ Խաչատրյանն ընդգծեց՝ սա փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր հարաբերություններ կան և նոր կարգավորումներ պետք է լինեն։