Ռուսական բանակը մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը նորից անօդաչուներով հարվածների է ենթարկել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը և մի շարք այլ բնակավայրեր: Դա ԱԹՍ-ներով 11-րդ գրոհն է մայիսի ընթացքում:
Կիևի շրջանային վարչակազմը հայտնում է, որ ՀՕՊ-ը վայր է գցել Shahed տեսակի բոլոր 18 անօդաչուները, տուժածներ չկան:
Դնեպրովսկի շրջանում խոցված անօդաչուի բեկորներն ընկել են տան վրա, ինչից հրդեհ է բռնկվել, սակայն այն արդեն մարվել է:
Բացի իրանական արտադրության Shahed-ներից, ուկրաինական ՀՕՊ-ը վայր է գցել նաև Мерлин-ВР տեսակի մեկ հետախուզական ռուսական անօդաչու:
Առավոտյան Խերսոնի շրջանի Բերիսլավ ավանում ռուսական արկը հարվածել է սեփական տներից մեկին, զոհվել է երկու մարդ: Խերսոնի շրջանում կա նաև մեկ վիրավոր:
Հրթիռային հարվածների են ենթարկվել Սլավյանսկը, Պոլտավկան և Ուհլեդարը: Կուպյանսկի շրջանի Պետրոպավլովկա գյուղում մի 65 տարեկան տղամարդ է զոհվել: