Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի կառավարության օդանավով ժամանել է Հիրոշիմա, որտեղ պետք է մասնակցի «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին:
Նախապես ենթադրվել է, որ Զելենսկին առցանց ձևաչափով է շփվելու Ճապոնիայում գումարված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցների հետ: Այդ մասին նա պայմանավորվել է մարտ ամսին Կիև այցելած Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ, բայց դրանից հետո Զելենսկին ասել է, որ ցանկանում է անձամբ ներկա լինել հավաքին, և Տոկիոն հավանություն է տվել նրա այցին:
Գագաթնաժողովի ընթացքում Զելենսկին մասնակցելու է Ուկրաինայի հիմնահարցին նվիրված նիստին:
«Ճապոնիայում եմ: Կարևոր հանդիպումներ Ուկրաինայի գործընկերների և բարեկամների հետ: Անվտանգություն և համագործակցության հզորացում՝ հանուն մեր հաղթանակի: Այսօր խաղաղությունն ավելի մոտ է դառնում»,- Տելեգրամ ալիքում գրել է Զելենսկին:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի ղեկավարը Հիրոշիմայում նաև առանձին հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի և մյուս լիդերների հետ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Բայդենը Հիրոշիմայում կհայտարարի Ուկրաինային ևս 375 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Նախօրեին «Մեծ յոթնյակի» երկրները վերահաստատել են, որ կշարունակեն պատժամիջոցների քաղաքականությունը 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ: